Իրանի նախագահը հուսով է, որ պատժամիջոցների հիմնական մասը կչեղարկվի մինչև տարեվերջ

13:37 • 12.11.15

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հուսով է, որ մինչև տարեվերջ կչեղարկվի Իրանի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցների հիմնական մասը։ Այդ մասին Ռոհանին ասել է իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում, փոխանցում է РИА Новости գործակալությունը։

 

«Ես կարծում եմ, որ մինչև տարեվերջ կգա «իրականացման օրը»։ Մենք սպասում ենք դեռևս բաց հարցերի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցին։ Միաժամանակ մենք առաջ ենք շարժվում Արաքում ռեակտորի տեղափոխման հարցում»,- ասել է Ռոհանին 2013 թվականին ընտրվելուց ի վեր եվրոպական պարբերականի տված իր առաջին հարցազրույցում՝ Իտալիա կայանալիք այցից առաջ։

 

Իրանի նախագահը նաև նշել է, որ իր ժողովուրդը մեծ հույսով է սպասում այն օրվան, երբ կչեղարկվեն պատժամիջոցները։

 

Իրանի նախագահն Իտալիա է այցելելու նոյեմբերի 14-15-ին։ Իտալիան կդառնա առաջին եվրոպական երկիրը, ուր Ռոհանին կայցելի պաշտոնական այցով։ Իր այցի ընթացքում նա կհանդիպի երկրի նախագահ Սերջո Մատարելայի, վարչապետ Մատեո Ռենցիի և Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ։

 

Իրանն ու միջազգային միջնորդ «վեցյակը» լույս հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական միջուկային խնդրի կարգավորման շուրջ։ Ընդունվել է համապարփակ գործողությունների պլան, որի իրականացման դեպքում Արևմուտքը կչեղարկի սահմանած տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները։