Ապարանում ուժեղ քամու հետևանքով տների տանիքներ են վնասվել

15:14 • 12.11.15

Ապարանում երեկ ուժեղ քամու հետևանքով բնակելի տների տանիքներ են վնասվել: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ապարանցի Լյովա Խաչատրյանը՝ նշելով, որ մասամբ վնասվել է նաև դպրոցի տանիքը:


«Ձյուն էր գալիս, հետո կտրվեց, ուժեղ քամի սկսվեց: Միայն Ապարանում քամին մոտ 1000 քառակուսի մետր բնակտարածության տանիքներ է տարել, մասամբ՝ դպրոցի տանիքը: Հիմա անձև ու ձյուն որ եկավ, ավելի ա վատանալու վիճակը: Հետո չենք կարողանալու լուծել: Ապարանի մեծ մասը հոսանքազրկված է: Ծառեր են շուռ եկել, հենասյուներ: Դրանք իհարկե ինչ-որ կերպ հնարավոր կլինի վերականգնել, բայց տանիքները եթե հիմա չվերականգնեցինք, հետո ձյուն կամ անձրև որ եկավ, վերջ, վիճակը վատ կլինի»,- ասաց Լյովա Խաչատրյանը՝ հրավիրելով պատկան մարմինների ուշադրությունը:


Tert.am-ի հետ զրույցում տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատեցին, որ գիշերը Ապարանից ահազանգ ստացել են և ուղարկել օպերատիվ խումբ: «Այս պահին որոնողական կամ փրկարարական աշխատանքներ կատարելու խնդիր չկա: Մենք ահազանգ ստացել ենք, մեր օպերատիվ խմբերը տեղում շրջում են, բայց որևէ աշխատանք կատարելու խնդիր չկա»,- ասացին ՏԿԱԻ-ից՝ ավելացնելով, թե իրենք չեն կարող գնահատել վնասի չափը:
 

Ապարանում ուժեղ քամու հետևանքով տների տանիքներ են վնասվել