«Ոչ»-ի մեր գործընկերները քարոզում են ոչ թե բովանդակային հարցեր, այլ ասում են բաներ, որոնք գոյություն չունեն. Է. Շարմազանով

22:17 • 12.11.15

Հասարակության մեջ սահմանադրական փոփոխությունների հարցում կան «այո»-ի, «ոչ»-ի կողմնակիցներ, ինչպես նաև մարդիկ, ովքեր կողմնորոշված չեն այս հարցում: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

 

Tert.am-ի դիտարկմանը, թե «ոչ»-ի կողմնակիցները հայտարարում են, որ իրենց հանդիպումներում գեթ մեկ «այո» չեն տեսել, Էդուարդ Շարմազանովն այսպես արձագանքեց. «Դեկտեմբերի 6-ի երեկոյան պարզ կլինի՝ ով է ում հանդիպել»:

 

Հարցին՝ ի՞նչ են ցույց տալիս ՀՀԿ-ի հանդիպումները, ի՞նչ տրամադրություն կա ժողովրդի շրջանում, Շարմազանովը պատասխանեց, թե կա որոշակի պասիվություն, խնդիր կա հանրությանը ավելի լավ ներկայացնել Սահմանադրական փոփոխությունների նպատակը. «Մարդկանց մեջ կան հարցեր, որովհետև «ոչ»-ի մեր գործընկերները քարոզում են ոչ թե բովանդակային հարցեր, այլ ասում են բաներ, որոնք գոյություն չունեն: Դրա համար պետք է համեմատել գործող Սահմանադրությունը նոր տեքստի հետ: Ու ժողովուրդը կորոշի՝ ինչպես կլինի»:

 

Շարմազանովն ասաց, թե լուրջ չեն բոլոր այն պնդումները, թե հանրության մեջ միայն «ոչ» ասողներ կան, կամ «այո» ասողներ:

 

«Ի տարբերություն Արամ Մանուկյանի, որը չգիտես ինչու միայն «ոչ»-ն է լսում, մենք «ոչ» էլ, «այո» էլ տեսնում ենք, չկողմնորոշվածներին էլ տեսնում ենք: Հիմա որ ես կանգնեմ, ասեմ՝ բոլորը «այո» են, ինձ լուրջ մարդ կհամարե՞ք, ինչպես լուրջ չեք համարի բոլոր նրանց, ովքեր ասում են, թե ողջ հանրությունը «ոչ» է ասում»,- նշեց ՀՀԿ խոսնակը՝ ասելով, որ Հայաստանին պետք է որակյալ հանրաքվե անցկացնել, ինչի վկայությունը Սերժ Սարգսյանի հրավերն է եվրոպական միջազգային կառույցներին՝ մասնակցել դեկտեմբերի 6-ի սահմանադրության հանրաքվեին:

 

Ինչ վերաբերում է «ոչ»-ի ճակատից շարունակաբար հնչող կարծիքներին, թե սահմանադրական փոփոխություններն արվում են իշխանության վերարտադրման համար, Շարմազանովը պնդեց. «Կներեք, եթե նման բան են ասում, ուրեմն կամ չեն կարդացել այս փաստաթուղթը, կամ էլ՝ տառաճանաչ չեն, որովհետև եթե բոլորը մեղադրում էին, որ կա 41 մեծամասնական տեղ, որ դրանցից 35-ը ՀՀԿ-ին է տրվում, որ միայն ՀՀԿ-ն է հաղթում, որ անհավասար պայմաններ են, բոլորը խոսում էին համամասնական ընտրակարգի անհրաժեշտության մասին, հիմա ամրագրում ենք, որ ընտրակարգը լինի բացառապես համամասնական, էլ ի՞նչ խնդիր կա»:

 

Դիտարկմանը, որ մտահոգությունները կապված են Սերժ Սարգսյանի ապագա պաշտոնի հետ, Շարմազանովն այսպես արձագանքեց. «Նախ լավ է, որ մեր ընդդիմադիր գործընկերները համարում են, որ սահմանադրական փոփոխություններն անցնելու են ու արդեն մտածում են Սերժ Սարգսյանի քաղաքական ճակատագրի մասին: Պետք չէ մտահոգվել, նա հանրապետության Նախագահն է, մինչև 2018թ.-ը իր ամբողջ լիազորություններով մնալու է Նախագահ ու երկար տարիներ դեռ լինելու է ՀՀԿ առաջնորդը, որի համար մենք բոլորս հպարտ ենք»:


 


 

«Ոչ»-ի մեր գործընկերները քարոզում են ոչ թե բովանդակային հարցեր, այլ ասում են բաներ, որոնք գոյություն չունեն. Է. Շարմազանով