Սիրիայում պատերազմի ավարտը մոտ չէ. The Independent
Հանգստյան օրերին տեղի կունենան հերթական բանակցությունները Սիրիայի ճակատագրի վերաբերյալ։ Քչերն են լավատես, գրում է The Independent-ը:
Խաղաղության նախագիծը, որը կբավարարի բոլոր կողմերին, չափազանց դժվար է համաձայնեցնելը:
Պարբերականը նշում է, որ Վիեննայի հանդիպման մասնակիցները երեք մասի են բաժանվելու. Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցները, որոնց թվում են Ռուսաստանն ու Իրանը, նրա հակառակորդները՝ Թուրքիան և Սաուդյան Արաբիան, ինչպես նաև նրանք, որոնք գտնվում են այդ երկուսի արանքում, օրինակ՝ Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ն:
Հարցն այն է, թե որքան ճկուն կլինի Ռուսաստանի դիրքորոշումն առաջիկա բանակցություններում:
Հաղորդվում է, որ Մոսկվայի նախագիծը ներառում է սիրիական Սահմանադրության ստեղծում առաջիկա 18 ամիսների ընթացքում և նոր նախագահական ընտրություններ։
Չի խոսվում Ասադի հնարավոր հրաժարականի մասին, բայց նշվում է, որ սիրիացի առաջնորդը չպետք է ճնշում գործադրի պետական փոփոխությունների վրա։
Հոդվածի հեղինակը, սակայն, նշում է, որ դժվար կլինի ընտրության անցկացումը Սիրիայում տիրող անկարգությունների պայմաններում։ Բացի այդ, Ասադը կառավարության կազմը համալրել է իր դաշնակիցներով ու բարեկամներով և դժվար թե համաձայնի զրկվել իշխանությունից:
Քաղաքացիական պատերազմը չի ավարտվի, քանի դեռ Սիրիայի առաջնորդը մնում է իր պաշտոնում։
Հեղինակը քննարկում է երկու սցենար. կամ Ռուսաստանը կշարունակի աջակցել գործող նախագահին ու կուժեղացնի ավիահարվածները, կամ ԱՄՆ-ի միջամտությամբ վերջ կդրվեն երկրում ռազմական գործողություններին։
Ռուսաստանը հույս ունի, որ Վիեննայի բանակցությունները հնարավորություն կտան բանակցությունների սեղանի շուրջ միավորել միացյալ ընդդիմությանը։
Սակայն նշվում է, որ Սիրիայում ընդդիմադիր շատ խմբավորումներ Ռուսաստանի կողմից որպես ահաբեկչական են որակվում և դրանով պայմանավորված՝ հասկանալի չէ, թե ընդդիմության ո՞ր ներկայացուցիչների հետ է Ռուսաստանը մտադիր բանակցել։
Հավանականությունը մեծ է, որ այդ հարցերից շատերն այդպես էլ չեն լուծվի առաջիկա հանդիպման ընթացքում։ Պարբերականի կարծիքով, քանի դեռ տարածաշրջանում հրադադարի համաձայնագիր չկա, Սիրիայի «սարսափը» չի ավարտվելու։










