Եթե նախկինում 3 անգամ էին 5000 դրամ բաժանում, հիմա մի անգամ են բաժանելու. հյուսիսային ուղղությամբ քարոզչությունը սկսեց Արագածոտնից

13:07 • 13.11.15

Սահմանադրական փոփոխություններին նվիրված իրապատում հեռուստանախագծի շրջանակում Արագածոտնի մարզում են «հյուսիս» ուղղության «այո»-ի կողմնակից
 

«Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, «ոչ»-ի կողմնակից «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանն ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Նարեկ Այվազյանը:


Նրանք Ուշի համայնքում են: Ինչպես քաղաքացիների հետ զրույցում ասաց Արմեն Մկրտչյանը, առաջարկվող սահմանադրությամբ միայն մեկ ընտրություն է լինելու նախկին մի քանիսի փոխարեն և իշխանությունը պարզապես իր գործն է հեշտացրել:


«Նոր սահմանադրությամբ միայն խորհրդարանական ընտրություններն են լինելու, նրանք էլ որոշելու են՝ ով է նախագահը, վարչապետը և այլն: Կարճ ասած, տարբերությունն այն է, որ եթե նախկինում 3 անգամ էին 5000 դրամ բաժանում, հիմա մի անգամ են բաժանելու: Մի ընտրությունից հետո իրանք իրար մեջ իշխանությունը բաժանելու են»,- ասաց նա:


Սամվել Ֆարմանյանը նշեց, որ գործող Սահմանադրությամբ Հայաստանը կիսանախագահական երկիր է, սակայն ակնհայտ է, որ ողջ իշխանությունը կենտրոնացված է նախագահի ձեռքում:


«Մեր երկրի նախագահը միշտ ունեցել է խորհրդարանական մեծամասնության աջակցությունը: Հիմա կա օրինաչափություն, նախագահական ընտրությունների արդյունքում մի հոգի հաղթում է, ու ձեռք է բերում ամեն ինչ, ընդդիմադիր թեկնածուն ստանալով հասարակության շատ մեծ մասի վստահությունը, որևէ ազդեցություն չի ունենում դեպքերի վրա: Այս հարցը շտկվում է նոր սահմանադրությամբ»,- ասաց նա:


Նարեկ Այվազյանն էլ ընդգծեց, որ պետք էր ոչ թե պատրաստի փաստաթուղթը դնել հանրության առջև ու համոզել ասել՝ «այո» կամ «ոչ», այլ պետք էր մինչ այդ հարցնել ժողովրդի կարծիքը:

 

«Պետք է մինչև այդ գայինք ու ժողովրդին հարցնեինք՝ էս սահմանադրությունը ունենք ուզում ենք փոխել, ի՞նչ առաջարկություններ ունեք: Հաստատ մտքեր կլինեին բազմաթիվ Իրենցից ոչ մեկը չգիտի ինչի մասին է խոսքը»,- ասաց նա:
 

Եթե նախկինում 3 անգամ էին 5000 դրամ բաժանում, հիմա մի անգամ են բաժանելու. հյուսիսային ուղղությամբ քարոզչությունը սկսեց Արագածոտնից