48 մլն դոլարով վաճառված «Երկնագույն լուսին» ադամանդը գնվել է 7-ամյա աղջկա համար
Օրերս շվեյցարական Ժնև քաղաքում Sotheby's-ի կազմակերպած աճուրդի շրջանակներում վաճառվել է «Երկնագույն լուսին» 12.03 կարատանոց բացառիկ ադամանդը, որը, ինչպես պարզվում է, ձեռք է բերվել 7-ամյա մի աղջկա համար։
Ինչպես նշում է The Gaurdian-ը, թանկարժեք քարը 48 մլն դոլարով գնել է հոնկոնգցի միլիարդատեր Ջոզեֆ Լաուն` որպես նվեր իր 7-ամյա դստերը։
Հայտնի է, որ նմուշը գնելուց հետո միլիարդատերն այն անվանափոխել է ի պատիվ իր դստեր` քարը կոչելով «Ժոզեֆինայի երկնագույն լուսինը»:
Բրիտանական պարբերականը հավելում է, որ բացի այդ, Լաուն մի քանի օր առաջ Christie’s-ի աճուրդի ժամանակ 28.5 մլն դոլարով գնել է 16.08 կարատանոց վարդագույն խոշոր ադամանդ` այն անվանակոչելով «Քաղցրիկ Ժոզեֆինա»: Իսկ 2009թ. նա գնել է մեկ այլ կապույտ ադամանդ` թանկարժեք քարն անվանելով «Ժոզեֆինայի աստղը»:
Հայտնի է, որ 7-ամյա Ժոզեֆինան 64-ամյա միլիարդատիրոջ ու նրա սիրուհու արտամուսնական երեխան է։ Բացի Ժոզեֆինայից՝ Լաուն ունի ևս 2 երեխա:










