Oxfam-ը մեղադրում է Բուլղարիային ներգաղթյալների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար
Բրիտանական Oxfam բարեգործական կազմակերպությունը մեղադրել է Բուլղարիայի իշխանություններին երկիր Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից ժամանած ներգաղթյալների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Կազմակերպության զեկույցում ներկայացված է Բուլղարիայի տարածքով Սերբիա ուղևորվող ավելի քան հարյուր փախստականի վկայություն։
Ներգաղթյալները պատմում են բուլղարացի ոստիկանների դաժան պահվածքի, մասնավորապես՝ ծեծի և ոստիկանական շների հարձակման մասին։
«Վերոհիշյալ խախտումների լույսի ներքո Եվրամիությունը պետք է միջամտի և կոնկրետ միջոցներ ձեռնարկի իր սահմանների ներսում մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համար»,- հայտարարել է Հարավ-արևելյան Եվրոպայում Oxfam-ի ներկայացուցիչ Ստեֆանո Բալդինին։
Բուլղարական կառավարությունը դեռ չի մեկնաբանել բրիտանական կազմակերպության զեկույցը։
Հոկտեմբերին աֆղանացի ներգաղթյալը սպանվել է բուլղարացի սահմանապահների կողմից հարևան Թուրքիայից երկիր ներս մտնելու փորձի ժամանակ։ Իշխանություններն այդ ժամանակ հայտարարել են, որ սպանությունը դիտավորյալ չի եղել, սակայն դեպքն առաջացրել է իրավապաշտպանների բուռն արձագանքը։










