Իսրայելցի հատուկջոկատայինները ներխուժել են հիվանդանոց և առևանգել 20-ամյա պաղեստինցու

13:50 • 13.11.15

Իսրայելական «Շին-Բետ» անվտանգության ծառայության ծպտված գործակալները ներխուժել են Արևմտյան ափին գտնվող Հեբրոն քաղաքի հիվանդանոց և այնտեղից առևանգել պաղեստինցու, ով կասկածվում է իսրայելցու վրա վերջերս իրականացված հարձակման համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

Ինչպես հայտնել են հիվանդանոցից՝ հինգշաբթի օրվա գիշերն այնտեղ է ներխուժել զինված տղամարդկանց մեծ խումբ՝ նրանցից մեկը սայլակին նստած հղի կնոջ տեսքով։

 

Անձնակազմին զենքով սպառնալով՝ նրանք մտել են սենյակ, որտեղ պառկած է եղել 20-ամյա Ազամ Շալալդեհը, ում Իսրայելում կասկածում են հոկտեմբերի 25-ին Հեբրոնի մոտակայքում իսրայելցու վրա դանակով հարձակվելու համար։

 

Շալալդեհի սենյակից կրակոցներ են լսվել։ Տեսահսկման տեսախցիկների ձայնագրած տեսանյութում երևում է, թե ինչպես են տղամարդիկ կասկածյալին հիվանդանոցից դուրս բերում իրենց բերած սայլակով։

 

Իսրայելցի գործակալների հեռանալուց հետո Շալալդեհի սենյակում վիրավոր են գտել նրա եղբորը՝ 27-ամյա Աբդալային։ Նրան օգնելու բժիշկների անհաջող փորձերից հետո նա մահացել է։

 

Դրանից հետո «Շին-Բետ» ծառայությունը խոստովանել է, որ հիվանդանոց իրենց ներխուժումն իրենց հատուկ գործողությունն է եղել։ Ինչպես ասվում է իսրայելական հատուկ ծառայության հայտարարության մեջ, Աբդալա Շալալդեհը, ով սենյակում իր եղբոր հետ էր, հարձակվել է գործակալների վրա և առաջինն է կրակ բացել։

 

Սպանվածի եղբայրը, ով նույնպես այդ ժամանակ սենյակում է եղել, հերքել է այդ վարկածը։ Նրա խոսքով՝ իսրայելցիներն առանց նախազգուշացման կրակ են բացել։

 

Իսրայելցի հատուկջոկատայինները ներխուժել են հիվանդանոց և առևանգել 20-ամյա պաղեստինցու