Մեքսիկայի ոստիկանությունն աշխատանքային ստրկությունից ազատել է 50 երեխայի
Մեքսիկայի դաշնային ոստիկանության և դատախազության աշխատակիցներն ավելի քան 50 երեխա են փրկել աշխատանքային ստրկությունից Չիապաս նահանգում գտնվող սուրճի պլանտացիայում, գրում է korrespondent.net-ը։
Բոլոր անչափահասները և նրանց ծնողները, ընդհանուր առմամբ՝ 18 ընտանիք, ունեն գվատեմալական քաղաքացիություն։
«Այդ 18 ընտանիքներում եղել է ընդհանուր առմամբ 54 անչափահաս»,- հայտարարել է Չիապասում Գվատեմալայի հյուպատոս Էկտոր Սիպակը։
Նրա խոսքով՝ նրանք աշխատել են շաբաթը վեց օր՝ 10-ական ժամ։ Յուրաքանչյուր սուրճի կիլոգրամի համար նրանց վճարել են ընդամենը 1,5 պեսո ($0,09) և վատ կերակրել։
Իշխանությունների ներկայացուցիչները տուգանել են պլանտացիայի տերերին երեխաներին շահագործելու համար։ Դրանից հետո բոլոր ընտանիքները վերադարձել են Գվատեմալա։










