Հասարակ ժողովրդին պետք չէ ներքաշել թիմային քննարկումների մեջ. «Ոչ»-ի կողմնակից (ուղիղ)

20:23 • 13.11.15

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում շարունակվում է սահմանադրական փոփոխություններին նվիրված իրապատման «Հարավ» ուղղության քարոզարշավը:

 

«Հարավ» ուղղության մեջ ներգրավված «Ոչ»-ի կողմնակից հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի նախագահ Թամարա Գևորգյանն ասաց, թե հասարակ ժողովրդին պետք չէ ներքաշել թիմային քննարկումների մեջ, որովհետև, ըստ նրա, հանրային շահը պետք է վեր դասվի խմբային շահից:

 

Քննարկումն արդեն շարունակվում է քաղաքի դահլիճներից մեկում, որտեղ քաղաքացիներից մեկը Հրայր Թովմասյանին հարցրեց, թե չի կարծում, որ մարդու իրավունքների խախտում է մեծամասնական ընտրակարգը բացասելը, քանի որ քաղաքացիները պարտադիր պետք է որևէ կուսակցության անդամ լինեն, որպեսզի ընդգրկվեն Ազգային ժողովում:

 

«Այս տարվա սկզբին Վենետիկի հանձնաժողովն ուսումնասիրել էր աշխարհի 56 երկրների ընտրական օրենսդրությունը, և այդ երկրներից միայն մեծամասնական ընտրական համակարգ կար 4-ում՝ Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Բելառուս և Ադրբեջան: 14 երկրներում խառը համակարգ էր, այդ թվում՝ Հայաստանում, 38 երկրներում բացառապես գործում է համամասնական ընտրական համակարգը: Դրանք բոլորը զարգացած, ժողովրդավարական երկրներ են, և որևէ մեկում ժողովրդավարության առումով խնդիր չի առաջացել»,-պատասխանեց Հրայր Թովմասյանը:

 

Խոսելով համայնքների մասին՝ Հրայր Թովմասյանն ասաց. «Ավելացրել ենք համայնքի ավագանու լիազորությունները՝ համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու հարցում, բայց սրա դետալները կսահմանվեն օրենքով»:


«Հարավցիների» խմբում ընդգրկված «Ոչ»-ի կողմնակից Վաղինակ Շուշանյանը հարց ուղղեց, թե օրինակ, ցանկանում է, որ հաջորդ ընտրություններում իր թեկնածությունն առաջադրել ԱԺ ընտրություններում, սակայն չի ցանկանում հարել որևէ կուսակցության. «Ինչպե՞ս կարող եմ հասնել Ազգային ժողով»:

 

«Ձեր ասածը մոտավորապես հետևյալն է, որ ես շատ լավ ֆուտբոլիստ եմ և ուզում եմ եկող տարի ընդգրկվել Հայաստանի առաջնությանը, ոնց մասնակցեմ: Հիմա ես ասում եմ, որ այդտեղ խաղը թիմային է: Մեկ հոգին կարող է շատ լավ խաղալ, բայց ֆուտբոլ ենք խաղում, այս դեպքում քաղաքականությունը թիմային խաղ է»,-Վաղինակ Շուշանյանի հարցին պատասխանեց «Այո»-ն ներկայացնող Հրայր Թովմասյանը:

 

 

Հասարակ ժողովրդին պետք չէ ներքաշել թիմային քննարկումների մեջ. «Ոչ»-ի կողմնակից (ուղիղ)