ՌԴ ԱԳՆ խոսնակը Ջոն Քերիին և Սյուզան Ռայսին համեմատել է Կռիլովի առակի հերոսների հետ
ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook-ի իր էջում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Ռայսին և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին համեմատել է Իվան Կռիլովի «Կարապը, գայլաձուկն ու խեցգետինը» հայտնի առակի հերոսների հետ:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, Զախարովան ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Սիրիայի հարցով նրանց հայտարարությունները, որոնք արվում են գրեթե միևնույն ժամանակահատվածում, չեն համապատասխանում միմյանց:
Ռայսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դեռ չի պատկերացնում, թե ինչ ճանապարհով կարելի է Սիրիան դուրս բերել ճգնաժամից՝ Բաշար ալ-Ասադին թողնելով իշխանության։
Ջոն Քերին իր հերթին հայտարարել է, թե Ասադի դերակատարության հարցում տարաձայնությունները չպետք է խանգարեն Վիեննայում կայանալիք հանդիպումներին:
Հիշեցնենք, որ Կռիլովի առակում կարապը, գայլաձուկն ու խեցգետինը փորձում են համատեղ ջանքերով տեղից շարժել սայլը, սակայն կարապը դեպի երկինք է քաշում, խեցգետինը՝ դեպի հետ, իսկ գայլաձուկը քաշում է դեպի ջուրը։










