Փարիզի Դիսնեյլենդը ահաբեկչությունների շարքի պատճառով դադարեցրել է աշխատանքը
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի ամենահանրահայտ տեսարժան վայրերից մեկի՝«Դիսնեյլենդի» ղեկավարությունը հայտարարել է, որ զվարճանքների կենտրոնի գործունեությունը դադարեցվում է ահաբեկչությունների շարքի պատճառով, որի ընթացքում ավելի քան 120 մարդ է զոհվել. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
«Պայմանավորված տեղի ունեցած ողբերգական իրադարձություններով՝ Disneyland Paris-ը նոյեմբերի 14-ին չի բացվի։ Որոշումը կայացվել է ի նշան ֆրանսիական հանրությանն ու հարձակումներից տուժածների հետ համերաշխության»,- ասված է այգու ղեկավարության տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ի հիշատակ ահաբեկչության զոհերի եռօրյա սուգ էր հայտարարել։
Փարիզի 7 շրջաններում ուրբաթ երեկոյան գրեթե միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել՝ զինված հարձակումներ ու պայթյուններ, որոնց հետևանքով, ըստ տարբեր տեղեկությունների, զոհվել է 120-150 մարդ։
Ավելի քան 100 մարդ զոհվել է Փարիզի «Բատակլան» համերգասրահում՝ համերգի ժամանակ։ Տասնյակ մարդիկ զոհվել են մայրաքաղաքի այլ շրջաններում տեղի ունեցած ահաբեկչություններից։










