Ֆրանսիայում ահաբեկչություն իրականացրած մահապարտներից երկուսի ինքնությունը ճշտվել է (թարմացված)
Փարիզում ահաբեկչությունների շարք իրականացրած ահաբեկիչներից առնվազն երկուսի ինքնությունն արդեն հայտնի է։
Ինչպես տեղեկացնում է НТВ-ն, հաղորդվում է, որ հանցագործներից մեկը եղել է սիրիացի, իսկ մյուսը՝ ֆրանսիացի։ Վերջինիս առնչությամբ BFMTV հեռուստաալիքը հայտնում է, որ նրա ինքնությունը պարզվել է մատնահետքերի շնորհիվ: Այս ահաբեկիչը մասնակցել էր «Բատակլան» թատրոնի վրա իրականացված հարձակմանը:
Հաղորդվում է, որ մահապարտ ահաբեկիչներից մեկի՝ Սիրիայի քաղաքացու անձնագիրը ֆրանսիացի քննիչները հայտնաբերել էին «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ։
«ՌԻԱ Նովոստի»-ն էլ հայտնում է, որ մահապարտ ահաբեկիչներից մեկի մոտ հայտնաբերվել է եգիպտական անձնագիր:
Փաստաթղթերի իսկությունը այժմ ստուգվում է:
«Գազետա»-ն հայտնում է, որ «Բատակլան» թատրոնի սպանդի ականատեսների վկայությամբ` ահաբեկիչների մեջ նաև կին է եղել: Ըստ նրանց` թատրոնը գրաված ահաբեկիչների թիվը 3-ն է եղել:
Փարիզի 7 շրջաններում ուրբաթ երեկոյան գրեթե միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել՝ զինված հարձակումներ ու պայթյուններ, որոնց հետևանքով, ըստ տարբեր տեղեկությունների, զոհվել է 120-150 մարդ։
Ավելի քան 100 մարդ զոհվել է Փարիզի «Բատակլան» համերգասրահում՝ համերգի ժամանակ։ Տասնյակ մարդիկ զոհվել են մայրաքաղաքի այլ շրջաններում տեղի ունեցած ահաբեկչություններից։










