Քանի դեռ շարունակում եք ռմբակոծել, խաղաղություն չեք տեսնելու. ԻՊ-ը Փարիզի ահաբեկչությունից հետո տեսաուղերձ է հղել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տեսաուղերձ է հղել, որում հայտարարել է Ֆրանսիայում ահաբեկչության շարունակության մասին։
«Քանի դեռ դուք շարունակում եք ռմբակոծել, խաղաղություն չեք տեսնելու։ Դուք վախենալու եք անգամ խանութ մտնելիս»,-ասված է ուղերձում։
Նշվում է, որ այդ տեսանյութը հրապարակվել է առանց ամսաթվի ու ժամի, և հայտնի չէ, թե երբ է այն նկարահանվել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԻՊ-ը Ֆրանսիայում նոյեմբերի 13-ին տեղի ունեցածը համեմատել է ԱՄՆ-ում 2001-ի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցածի հետ։
Լրատվամիջոցները նշում են, որ Փարիզի 7 շրջաններում ուրբաթ երեկոյան գրեթե միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել՝ զինված հարձակումներ ու պայթյուններ, որոնց հետևանքով, ըստ տարբեր տեղեկությունների, զոհվել է 120-150 մարդ։
Ավելի քան 100 մարդ զոհվել է Փարիզի «Բատակլան» համերգասրահում՝ համերգի ժամանակ։ Տասնյակ մարդիկ զոհվել են մայրաքաղաքի այլ շրջաններում տեղի ունեցած ահաբեկչություններից։
«Իսլամական պետությունն» ահաբեկչական խմբավորում է, որի գործունեությունն արգելված է աշխարհի շատ երկրներում։










