Ֆրանսիան կդառնա Արաբստան. Ժիրինովսկին նման կանխատեսում է արել
Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ մոտ ապագայում Ֆրանսիան վերածվելու է արաբական երկրի, տեղեկացնում է Lenta.ru-ն։
Այդ կերպ Ժիրինովսկին արձագանքել է Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությանը։
«Ֆրանսիան մոտ հեռանկարում նոր Արաբստան է դառնալու։ Մենք պետք է աստիճանաբար հրաժարվենք Ֆրանսիայից, քանի որ ամեն դեպքում նա ստիպված է լինելու փախստականներ ընդունել»,-ասել է նա։
Ժիրինովսկու խոսքով՝ բնիկ ֆրանսիացիները հնարավորություն ունեն փրկվելու արաբների հոսքից։
«Մենք կարող ենք օգնել ֆրանսիացիներին Ռուսաստան տարհանելու հարցում։ Կարելի է նրանց բերել մեզ մոտ, քանի որ Ֆրանսիայում նրանք կմահանան և չեն կարողանա ինքնապաշտպանվել։ Ֆրանսիացիներն ընդունակ չեն դիմադրելու և կփախչեն առաջին իսկ վտանգի դեպքում։ Իսկ արաբները՝ ընդհակառակը»,-հայտարարել է Ժիրինովսկին։
Բացի այդ, քաղաքական գործիչը նաև իր բանաձևն է առաջարկել Ռուսաստանում ահաբեկչության դեմ պայքարի համար։
«Պետք է խստացնել վերահսկողությունը մեզ մոտ եկող մարդկանց նկատմամբ, քանի որ մենք գրեթե բաց սահմաններ ունենք։ Խստացնել վերահսկողությունը, որպեսզի ահաբեկիչները չկարողանան փախչել։ Եկեք դադարեցնենք փողոցային միջոցառումները, դրանք թույլ տանք միայն շենքերի, շինությունների ներսում»,-առաջարկել է գործիչը։










