Քաղաքացիական անձանց սպանողները վախկոտներ են. Սերժ Թանկյանը գրառում է արել ընդդեմ ահաբեկչության
Աշխարհահռչակ հայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն Instagram-ի իր էջում անդրադարձել է Փարիզում ու Լիբանանում տեղի ունեցած ահաբեկչություններին։
«Մեր սերն ու աղոթքները բոլոր նրանց, որոնք տուժել են Փարիզում ու Լիբանանում տեղի ունեցած սարսափելի հարձակումներից։ Նրանք, ովքեր հարձակվել են համերգասրահների, ռեստորանների, սրճարանների, խանութների, պաշտամունքի վայրերի վրա՝ սպանելով քաղաքացիական անձանց, վախկոտներ են։ Փարիզի մեր երկրպագուներն ամենալավն են աշխարհում, ուստի ես չեմ կարող չմտածել բոլոր նրանց մասին, ովքեր գնացել էին Eagles of Death Metal-ի շոուին»,- գրել է երաժիշտը։
Հիշեցնենք, որ Փարիզում մի շարք ահաբեկչություններ են տեղի ունեցել: Անհայտ անձինք կրակ են բացել ռեստորաններից մեկում, 3 պայթյուն հնչել է մարզադաշտի հարևանությամբ:Բացի այդ, ռոք համերգի ընթացքում համերգասրահում պատանդ են վերցրել մարդկանց: Պաշտոնական տվյալներով մահացել է առնվազն 158 մարդ: Կան ավելի քան 200 վիրավորներ, որոնցից շատերի վիճակը ծայրահեղ ծանր է։










