Հայտնի է դարձել Փարիզի ահաբեկչության 3 կասկածյալի ինքնությունը

11:14 • 15.11.15

Հայտնի են դարձել Փարիզում նոյեմբերի 13-ի գիշերը տեղի ունեցած ահաբեկչություններին ներգրավվածության երեք կասկածյալների ինքնությունները, գրում է lenta.ru-ն: Մեկ մահապարտի անունը բացահայտել է ֆրանսիական Շարտր քաղաքի քաղաքապետ Ժան-Պյեր Ժորժը Facebook-ի իր էջում, իսկ ևս երկուսին՝ հրապարակել են ԶԼՄ-ները՝ վկայակոչելով իրենց աղբյուրներին:


Քաղաքապետի տվյալներով՝ ահաբեկիչներից մեկը դարձել է Ֆրանսիայի քաղաքացի 29-ամյա Մոստեֆա Իսմաիլ Օմարը: Նրա հայրը և եղբայրն ավելի վաղ ձերբակալվել են: «Շարտրում նա ապրում էր առնվազն 2012 թվականից»,- գրել է Ժորժը:


Փարիզի դատախազության տվյալներով՝ Օմարը ծնվել է Կուրկուրոն բնակավայրում՝ Փարիզից ոչ հեռու: 2004-2010 թվականներին ութ անգամ ենթարկվել է պատասխանատվության, բայց ոչ մի անգամ բանտում չի հայտնվել: Ենթադրաբար նա եղել է Սիրիայում 2013-2014 թվականների ձմռանը: Հայտնի է, որ ահաբեկիչը ֆրանսիական հատուկ ծառայությունների հսկողության տակ է եղել:


Մահապարտների թվում է նաև Աբդուլակբակ Բ.-ն։  «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ իրեն պայթեցրած այս ահաբեկչի մարմնի կողքին սիրիական անձնագիր է գտնվել: Le Figaro թերթի տվյալներով՝ տղամարդը ծնվել է 1990 թվականին, նա չի եղել ֆրանսիական հատուկ ծառայությունների տեսադաշտում:


Երրորդ ահաբեկչի անունը հրապարակել է սերբական Blic թերթը, որը հայտնել է, որ Սիրիայի քաղաքացի Ահմեդ Ալմոհամադը հավանաբար եղել է ահաբեկչությունների կազմակերպիչ: Նշվում է, որ նա Հունաստանի տարածքում է հայտնվել հոկտեմբերի 3-ին, ինչից հետո փախստականների խմբի կազմում անցել է Սերբիա Մակեդոնիայի կողմից:

 

Հայտնի է դարձել Փարիզի ահաբեկչության 3 կասկածյալի ինքնությունը