Պատերազմը հայտարարված է. Anonymous-ը սկսում է իր ամենամեծ գործողությունն ԻՊ-ի դեմ և խոստանում գտնել հարձակվողներին (տեսանյութ)
«Անոնիմուս» (Anonymous) հաքերային խմբավորումը «պատերազմ» է հայտարարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ՝ ի պատասխան Փարիզում մոտ 130 մարդու մահվան պատճառ դարձած հարձակումների, գրում է The Independent-ը։
Խմբի անդամները տեսանյութ են հրապարակել։ Այն շարունակում է խմբի աշխատանքն ԻՊ-ի դեմ, որը սկսվել էր հունվարին «Շարլի Էբդո» երգիծական ամսագրի խմբագրության վրա հարձակումից հետո։
Հարձակումներից քիչ անց հրապարակված տեսանյութում խմբի անդամներից մեկը նախազգուշացնում է «Իսլամական պետության» անդամներին, որ ինքը պատրաստվում է հետապնդել նրանց։ Տեսանյութում ասվում է, որ խումբը «կմիավորի մարդկությանը» գործողության մեջ, որը հաքերության կդիմի «խմբին թուլացնելու համար»։
«Ողջ աշխարհից անոնիմուսները ձեզ կհետապնդեն: Դուք պետք է իմանաք, որ մենք կգտնենք ձեզ և թույլ չենք տա, որ հեռանաք»,- ասվում է տեսանյութում։
«Մենք երբևէ իրականացված ամենամեծ գործողությունը կսկսենք ձեր դեմ: Սպասե՛ք մեծ կիբեռհարձակումների: Պատերազմը հայտարարված է: Պատրաստվե՛ք: Ֆրանսիացիներն ավելի ուժեղ են, քան դուք, և այս վայրագությունից հետո է՛լ ավելի ուժեղ կլինեն»,- ասված է տեսանյութում։
Նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել: Անհայտ անձինք կրակ են բացել ռեստորաններից մեկում, երեք պայթյուն է հնչել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտակայքում: Բացի այդ, «Բատակլան» համերգասրահում ռոք համերգի ժամանակ ահաբեկիչները մարդկանց պատանդ են վերցրել: Վերջին տվյալներով զոհվել է ավելի քան 130 մարդ, մոտ 300 հոգի՝ վիրավորվել։










