ՀՀ քաղաքացին արտերկրից հաքերների օգնությամբ DDoS հարձակման է ենթարկել 2 բուքմեյքերական կայքեր. կասկածյալը կալանավորվել է

19:55 • 16.11.15

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում համակարգչային սաբոտաժի դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է համակարգչային DDoS տեսակի հարձակման մանրամասները, կազմակերպչի ինքնությունը։ Ներկայումս հստակեցվում է առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը:

 

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժնից։

 

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունից ՀՀ քննչական կոմիտե ստացվել են նյութեր` անհայտ անձի կողմից 2015 թվականի նոյեմբերի 3-ին՝ ժամը 15.00-ի սահմաններից սկսած, բուքմեյքերական կայքի նկատմամբ համակարգչային DDoS տեսակի անդադար հարձակում իրականացնելու և կայքը ուղեփակելու մասին:

 

2015թ. նոյեմբերի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 3-րդ մասով (Համակարգչային տեղեկատվությունը կամ ծրագրերը ոչնչացնելը, ուղեփակելը (մեկուսացնելը), որն առաջացրել է ծանր հետեւանքներ)։

 

Քննության ընթացքում պարզվել է, որ 2015 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 09.35-ից մինչև 17.00-ի սահմաններն ընկած ժամանակահատվածում, DDoS տեսակի համակարգչային հարձակում է կատարվել նաև մեկ այլ բուքմեյքերական կայքի վրա, որի հետևանքով կայքը տևական ժամանակով արգելափակվել է:

 

Քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռնարկված համագործակցված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ բուքմեյքերական նշված երկու կայքերի նկատմամբ DDoS տեսակի համակարգչային հարձակումը կազմակերպվել է նույն անձի կողմից, ում ինքնությունը պարզվել է։

 

ՀՀ քաղաքացի Ա. Ավետիսյանին նոյեմբերի 14-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-253-րդ հոդվածի 3-րդ մասով՝ երկու դրվագով՝ կայքերի նկատմամբ համակարգչային սաբոտաժ կազմակերպելու համար, որը դիտավորությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

 

Քրեական գործով նախաքննությամբ պարզվել է, որ հիշատակված համակարգչային հարձակումներն անմիջականորեն կատարվել են արտերկրում գտնվող հաքերների միջոցով, որոնց ինքնությունը պարզվում է:


 

 

ՀՀ քաղաքացին արտերկրից հաքերների օգնությամբ DDoS հարձակման է ենթարկել 2 բուքմեյքերական կայքեր. կասկածյալը կալանավորվել է