Լավ, ուսուցիչներին կասենք, որ սրանից հետո բառարանից «այո» բառը հանեն, կթողեն միայն «ոչ»-ը. Գալուստ Սահակյանը՝ Լևոն Զուրաբյանին

12:40 • 16.11.15

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կարծում է, որ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի մասնակցությունը՝ Հանրային հեռուստատեսությամբ ընթացող սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ «Եռանկյունի» հաղորդաշարին, ով հիշեցնենք հաղորդման վարողն է, պաշտոնական դիրքի չարաշահում է:

 

Այսօր ԱԺ նիստի ժամանակ Լևոն Զուրաբյանը, դիմելով խորհրդարանի նախագահին, հարցրեց, թե ինչու Ազգային ժողովը բացատրություն չի պահանջում Արմեն Աշոտյանից՝ պաշտոնական դիրքի չարաշահման դեպքի վերաբերյալ:

 

ԱԺ նախագահն ի պատասխան ասաց, որ հարցը օրակարգին չի վերաբերում. Գալուստ Սահակյանն էլ այսպես արձագանքեց. «Ճիշտն ասած, քանի որ Ձեզ խոստացել եմ, որ չեմ անջատելու խոսափողը, թողեցի խոսեք, բայց այս հարցը օրակարգի հետ կապ չունի»:


Խորհրդարանի խոսնակը հիշեց 1997 թվականը, ասելով, թե այդ ժամանակ նման դեպքեր եղել են: «Այո՛, այդպիսի բաներ եղել են, բայց եթե կրկնվում են, պետք է ստուգել՝ ինֆորմացիան ճի՞շտ է, թե՞ ոչ»,– ասաց նա:

 

Ապա Լևոն Զուրաբյանը կրկին պնդեց, որ Արմեն Աշոտյանը, լինելով ԿԳ նախարար, ճնշումներ է գործադրում ուսուցիչների, աշակերտների վրա՝ սահամանդրությանը «այո» ասելու հարցում, ինչը քրեական պատասխանատվության հարց է:

 

«Աշոտյանը զանգվածաբար մարդկանց դրդում է հանցագործություններ կատարելու: Բոլոր արարքների համար առաջին հերթին պատասխանատվությունը կրում եք դուք, ձեր քաղաքական ուժը, և դուք անձամբ՝ պարոն Սահակյան»,– ասաց նա:



Գալուստ Սահակյանն էլ պատասխանեց, թե դպրոցները Արմեն Աշոտյանի անմիջական վերահսկողության տակ չեն: «Պիտի իմանաք, որ ղեկավարման պրոցեսում, հիմնական դպրոցները ոչ թե անմիջապես ղեկավարում է Աշոտյանը, այլ՝ դպրոցի տնօրենները, մարզպետները: Ասում եք, թե պատգամավորները պետք է չմասնակցեն, ուսուցիչները «այո» չասեն, նախարարները կարծիք չհայտնեն, ինչ է, միայն դո՞ւք պիտի կարծիք ունենաք: Դա պրովոկացիոն հայտարարություն է: Որևէ փաստ չեք կարող բերել, որ ուսուցիչը անձնազոհ ձևով գնում է խախտումների: Դեռևս ընտրության օրը չէ, ի՞նչը պետք է խախտվի: Եթե ուսուցիչը մտածում է, որ պիտի «այո» ասի, ուրեմն դա խախտո՞ւմ է: Լավ, ուսուցիչներին կասենք, որ սրանից հետո բառարանից «այո» բառը հանեն, կթողեն միայն «ոչ»-ը»,- եզրափակեց ԱԺ նախագահը:

 

 

Լավ, ուսուցիչներին կասենք, որ սրանից հետո բառարանից «այո» բառը հանեն, կթողեն միայն «ոչ»-ը. Գալուստ Սահակյանը՝ Լևոն Զուրաբյանին