«Հարավ» ուղղությունը Գորիսի քաղաքային պատկերասրահում է. մասնակիցները խոսեցին արվեստից ու քաղաքականությունից
«Հարավ» ուղղությունը Գորիսում է, որտեղ հյուրընկալվել էր Գորիսի քաղաքային պատկերասրահում, որի տնօրեն Ժիրայր Մարտիրոսյանը «այո»-ի ու «ոչ»-ի քարոզիչներին ներկայացրեց, թե ինչ նկարիչներ են ցուցադրվել քաղաքի պատկերասրահում:
Մտավորականների հետ զրույցը չսահմանափակվեց միայն արվեստի մասին խոսակցություններով, այլև՝ առնչվեց քաղաքականությանը:
«Արվեստագետը ինքը պետք է կարողանա ճիշտ հասկանալ այդ երևույթները, ինչ կտան՝ «այո»-ն, «ոչ»-ը»,-ներկաներին իր տեսակետը հայտնեց Ժիրայր Մարտիրոսյանը, ում կարծիքով` ժամանակ առ ժամանակ ինչ-որ բաներ պետք է փոխվեն:
«Բայց այնպես չլինի, որ մեկ-երկու տարի հետո մտածենք, որ իզուր փոխեցինք»,-զգուշացրեց արվեստագետը:
Ազատ Արշակյանը շնորհակալություն հայտնելով` լեռնահայաստանի բնակչության մշակութային պահանջմունքները բավարարելու համար, ներկաներին հիշեցրեց այն ժամանակները՝ սովետական, երբ մշակույթը շատ քաղաքականացված էր:
«Մեր արվեստագետները շատ ծանր ժամանակներ էին ապրում, որովհետև պետք է բավարարեին և՛ պատվիրատուի, և՛ իրենց ստեղծագործական պահանջմունքներն իրականացնեին»,-հայտարարեց Ազատ Արշակյանը:
Նրա խոսքով` հիմա էլ կան մշակութային պրոպագանդիստներ:
Ազատ Արշակյանը կարծիք հայտնեց, որ արվեստագետն իր դեմ կամ կողմ լինելը պետք է արտահայտի ոչ թե հենց այնպես գոռալով, այլ վրձնով կամ նոտայով:
«Այսինքն` բարեկրթություն և ընդդիմություն»,-սա Ազատ Արշակյանի բանաձևն է:
Նա հույս ունի, որ հայ մտավորականը ժամանակի ընթացքում կձերբազատվի քաղաքականացվածի և կամ ապաքաղաքականի իր բարդույթից:
Հիշեցնենք, որ այսօր «այո» ու «ոչ»-ի անդամները եղան Ակսել Բակունցի թանգարանում:










