Լիոնում ձերբակալվել է 5 մարդ. նրանց մոտից առգրավվել է Կալաշնիկով ինքնաձիգ և ականանետ

13:06 • 16.11.15

Ֆրանսիական հատուկ ծառայությունները մասշտաբային հակաահաբեկչական գործողության ընթացքում ձերբակալել են Լիոնի հինգ բնակչի: Նրանց մոտից առգրավվել է զենք, այդ թվում՝ Կալաշնիկով ինքնաձիգ և ականանետ, գրում է РИА Новости-ն։

 

Ընդհանուր առմամբ Լիոնում և շրջակայքում այս գիշեր 13 խուզարկություն է իրականացվել։ Ձերբակալվածների բնակարաններում հայտնաբերվել են նաև բազմաթիվ ատրճանակներ և զրահաբաճկոններ:

 

Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտնել է, որ ողջ երկրում հակաահաբեկչական գործողություններ են իրականացվում, որոնցից շատերն անմիջականորեն կապված չեն Փարիզում տեղի ունեցած իրադարձությունների հետ: Նա նշել է նաև, որ այս գիշեր Ֆրանսիայի տարբեր քաղաքներում ավելի քան 150 խուզարկում է իրականացվել՝ ուղղված ջիհադականների հայտնաբերմանը:

 

Նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել։ Անհայտ անձինք կրակ են բացել ռեստորաններից մեկում, երեք պայթյուն է հնչել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտակայքում: Բացի այդ, «Բատակլան» համերգասրահում ռոք համերգի ժամանակ ահաբեկիչները մարդկանց պատանդ են վերցրել: Վերջին տվյալներով զոհվել է 132 մարդ, մոտ 300 հոգի՝ վիրավորվել։

Լիոնում ձերբակալվել է 5 մարդ. նրանց մոտից առգրավվել է Կալաշնիկով ինքնաձիգ և ականանետ