Ֆրանսիայում կփակվեն «արմատական» մզկիթները
Ֆրանսիայի իշխանությունները նոյեմբերի 13-ին մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունների ֆոնին պատրաստվում են փակել բոլոր այն մզկիթները, որտեղ ակտիվ գործունեություն են ծավալում «արմատական» հայացքների տեր քարոզիչները։
Ինչպես նշում է gazeta.ru-ն, Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսի խոսքով՝ «անհրաժեշտ է փակել բոլոր այն մզկիթներն ու ասոցիացիաները, որոնք վնասում են Ֆրանսիայի Հանրապետության արժեքներին»։
«Անհրաժեշտ է արտաքսել բոլոր օտարերկրացիներին, ովքեր մեր արժեքների դեմ ուղղված «արմատական» նպատակներ ունեն»,-ասել է պաշտոնյան։
Բացի այդ, վարչապետը տեղեկացրել է այն մասին, որ «Իսլամական պետության» ահաբեկիչները նոր հարձակումներ են նախապատրաստում Ֆրանսիայում և մի շարք այլ եվրոպական երկրներում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Վալսն ընդգծել է, որ Փարիզի տվյալներով՝ մայրաքաղաքում ահաբեկչությունների շարքը պլանավորվել է Սիրիայի տարածքում։
«Այդ հարձակումը կազմակերպվել է, մտածվել և նախապատրաստվել Սիրիայի տարածքից»,- ասել է Վալսը:










