ԶԼՄ-ները հայտնել են Փարիզում ահաբեկչությունների կազմակերպչի անունը

12:36 • 16.11.15

Բելգիայի 27-ամյա քաղաքացի Աբդելհամիդ Աբաուդը Փարիզում նոյեմբերի 13-ին իրականացված ահաբեկչությունների շարքի հնարավոր կազմակերպիչն ու հովանավորն է։ Այդ մասին հայտնել է ֆրանսիական RTL ռադիոկայանը՝ հետաքննության տվյալները վկայակոչելով, գրում է rbc.ru-ն։

 

Ռադիոկայանի տեղեկություններով՝ Աբաուդը բնակվել է Բրյուսելի Մոլենբեկ շրջանում, որտեղ Ֆրանսիայի մայրաքաղաքում հարձակումներից հետո բելգիական ոստիկանության հատուկ գործողություն է իրականացվել։ Ենթադրաբար նա շփվել է հարձակմանը մասնակցած գրոհայիններից մեկի հետ:

 

Ինչպես ավելի վաղ գրել են եվրոպական ԶԼՄ-ները, Մոլենբեկը Սիրիայում եվրոպացի իսլամիստների «մեկնակետերից» մեկն է։ Le Figaro-ն, մասնավորապես, հայտնել է, որ այդ շրջանը վերջին 18 ամսվա ընթացքում չորրորդ անգամ է հայտնվում ոստիկանության ուշադրության ներքո՝ իրականացված կամ կանխված ահաբեկչութունների պատճառով:

 

Աբաուդի անունն արդեն հայտնվել էր մամուլում այս տարվա հունվարին: Բելգիական ոստիկանությունը նրան անվանել էր երկրի տարածքում կանխված ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչ և հովանավոր: Այդ ժամանակ իրավապահները ձեռք էին բերել Աբաուդի հեռախոսազրույցը Վերվյե քաղաքում հատուկ գործողության ընթացքում սպանված երկու իսլամիստներից մեկի եղբոր հետ։

 

The Washington Post-ի տվյալներով՝ Ֆրանսիայի մայրաքաղաքում հարձակումների կազմակերպմանը ներգրավված է առնվազն 20 մարդ։

 

ԶԼՄ-ները հայտնել են Փարիզում ահաբեկչությունների կազմակերպչի անունը