Փարիզի համերգասրահում ահաբեկչություն իրականացրած մահապարտը միջազգային հետախուզման մեջ է գտնվել
Ֆրանսիական ոստիկանությունը պարզել է Փարիզում իրականացված ահաբեկչությունների շարքի ևս երկու մասնակցի ինքնությունը։ Նրանցից մեկը 28-ամյա Սամի Ամիմուրն է, ով ծնվել է Փարիզի Դրանսի արվարձանում։ Նա մասնակցել է «Բատակլան» համերգասրահի վրա հարձակմանը, գրում է meduza.io-ն։
2012 թվականին Ամիմուրը դատական վերահսկողության տակ է հայտնվել ահաբեկչության մասին գործի հետաքննության առնչությամբ: Նա հեռացել է երկրից, ինչից հետո տրվել է միջազգային օրդեր նրա ձերբակալության համար։ Ոստիկանությունը չի իմացել, որ ահաբեկիչը վերադարձել է Ֆրանսիա։
Երկրորդ ահաբեկչի անունը Ահմադ ալ-Մուհամադ է, նրա մոտ հայտնաբերվել է սիրիական անձնագիր: Ալ-Մուհամադն իրեն պայթեցրել է «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ։
Նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել: Անհայտ անձինք կրակ են բացել ռեստորաններից մեկում, երեք պայթյուն է հնչել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտակայքում: Բացի այդ, «Բատակլան» համերգասրահում ռոք համերգի ժամանակ ահաբեկիչները մարդկանց պատանդ են վերցրել: Վերջին տվյալներով զոհվել է ավելի քան 130 մարդ, մոտ 300 հոգի՝ վիրավորվել։










