Ալիևը պետք է դադարեցնի ակտիվիստների նկատմամբ ճնշումները. ԱՄՆ սենատոր
ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան կոմիտեի համանախագահ, սենատոր Բեն Կարդինը հայտարարությամբ է հանդես եկել ընդդիմադիր Արիֆ Յունուսին կալանքից ազատելու վերաբերյալ, տեղեկացնում է contact.az-ը:
«Ես ողջունում եմ Արիֆ Յունուսի ազատ արձակումը՝ անարդար ձերբակալությունից ու դատապարտումից հետո: Արիֆ և Լեյլա Յունուսների դեմ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն և վկայում են Ադրբեջանում մարդու իրավունքների անթույլատրելի վիճակի մասին: Ես անհանգստացած եմ, որ Արիֆ Յունուսի իրավական կարգավիճակը մնացել է նույնը՝ չնայած ազատ արձակմանը, ինչպես նաև խորապես մտահոգված եմ նրա կնոջ՝ Լեյլա Յունուսի երկարատև ազատազրկման վճռով»,-ասել է սենատորը:
Նա նշել է, թե շարունակում է պնդել Ադրբեջանում օրենքի գերակայության լիիրավ վերականգնման ու Յունուս ամուսինների մեղադրանքները չեղարկելու հարցում։
«Միևնույն ժամանակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է դադարեցնի քաղաքացիական հասարակության ակտիվիստների նկատմամբ ճնշումները»,-ասված է հայտարարության մեջ։
Օգոստոսի 13-ին ամուսինները դատապարտվել են համապատասխանաբար 8,5 և 7 տարվա ազատազրկման։ Արիֆ Յունուսը մեղավոր է ճանաչվել ադրբեջանական Քրեական օրենսգրքի 178.3.2 հոդվածով (խարդախություն, որի հետևանքով խոշոր չափի վնաս է հասցվել)։ Լեյլա Յունուսը մեղավոր է ճանաչվել նույն հոդվածով, ինչպես նաև ապօրինի ձեռնարկատիրության, հարկերը վճարելուց խուսափելու, փաստաթղթեր կեղծելու մեղադրանքներով։










