eBay-ում առաջարկում են շապիկներ՝ ի հիշատակ Փարիզի ահաբեկչությունների զոհերի
eBay վաճառքի առցանց հարթակում Փարիզի ահաբեկչություններից երեք օր անց հուշանվերներ են հայտնվել, որոնց վրա պատկերված են այն նկարները, որոնք համացանցում տարածվել էին ի հիշատակ ահաբեկչությունների զոհերի ու տուժածների։
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, դրանց վրա գրված է Pray to Paris:
Հնարամիտ վաճառականներն արդեն փորձում են գումար վաստակել ողբերգությունը շահարկելով. նրանք վաճառում են մարզաշապիկներ, սառնարանի վրայի մագնիսներ ու այլ հուշանվերներ, որոնց վրա գրված է Pray to Paris («Աղոթիր Փարիզի համար») կամ Je Suis Paris («Ես Փարիզն եմ»), որը նման է հունվարին Charlie Hebdo երգիծական ամսագրի դեմ իրականացված ահաբեկչությունից հետո տարածված կարգախոսին։
Վաճառքի հիթը, սակայն, մարզաշապիկն է այդ կարգախոսներով ու Ֆրանսիայի դրոշի գույներով։ Այն վաճառվում է 14.94 եվրոյով։










