Պարզվել է Փարիզի ահաբեկչություններին մասնակցած 7-րդ ահաբեկչի ինքնությունը. լրատվամիջոցներ

12:05 • 17.11.15

Ֆրանսիացի քննիչները պարզել են Փարիզի «Բատակլան» համերգասրահի վրա հարձակում իրականացնողների խմբից ևս մեկի ինքնությունը։


Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, նա Ֆրանսիայի քաղաքացի է, որը հայտնի է եղել հակահետախուզությանը։


Համաձայն հաղորդագրությունների՝ ահաբեկչի ինքնությունը պարզել են ներքին անվտանգության գլխավոր վարչության աշխատակիցները՝ լուսանկարի միջոցով։ Ահաբեկիչը, որի անունը չի նշվում, հաշվառման մեջ է եղել ծայրահեղական խմբավորումների հետ կապերի պատճառով:

 

Ֆրանսիական լրատվամիջոցները նշում են, որ խմբի բոլոր անդամները, որոնք հարձակում են իրականացրել համերգասրահի վրա, ենթադրաբար այցելել են Սիրիա։ Ավելի վաղ հստակեցվել էր ահաբեկիչներից Իսմայիլ Օմար Մոսթաֆայի և Սամի Ամիմուրի ինքնությունը։

 

Այժմ իրավապահ մարմինները որոնում են Փարիզում ահաբեկչությունների շարքին մասնակցած 8-րդ ահաբեկչին՝ Սալահ Աբդեսլամին։

 

Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան Փարիզում ահաբեկչությունների շարք էր տեղի ունեցել: Անհայտ անձիք կրակ էին բացել քաղաքի ռեստորաններից մեկում, երեք պայթյուն գրանցվել էր «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտակայքում, որտեղ տեղի էր ունենում Ֆրանսիայի և Գերմանիայի հավաքականների ընկերական հանդիպումը և որին ներկա էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:


Բացի այդ, «Բատակլան»  թատրոնում ռոք համերգի ընթացքում անհայտ անձինք պատանդ էին վերցրել հանդիսականներին: Վերջին տվյալներով՝ զոհվել է շուրջ 130 մարդ, վիրավորվել ավելի քան 300-ը։