Փարիզի Էյֆելյան աշտարակը կրկին բաց է այցելուների համար
Փարիզի Էյֆելյան աշտարակը նոյեմբերի 16-ին կրկին բացվել է այցելուների համար, ընդ որում` այն մինչ չորեքշաբթի լուսավորված կլինի Ֆրանսիայի դրոշի գույներով, գրում է Корреспондент-ը:
Աշտարակն այցելուների համար բացելու մասին որոշումը կայացվել է անվտանգության միջոցառումների լիակատար վերանայումից հետո։ Այն բացվել է տեղական ժամանակով ժամը 16:30-ին:
Ֆրանսիական դրոշի գույներով լուսավորումն իրականացվում է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի խնդրանքով:
Համաձայն վիճակագրական տվյալների` յուրաքանչյուր օր Էյֆելյան աշտարակ է այցելում 15.000-20.000 մարդ: Այն փակվել էր Փարիզի ահաբեկչություններից հետո։
Հիշեցնենք, որ Փարիզի 7 շրջաններում ուրբաթ երեկոյան գրեթե միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել՝ զինված հարձակումներ ու պայթյուններ, որոնց հետևանքով, ըստ տարբեր տեղեկությունների, զոհվել է 120-150 մարդ։
Ավելի քան 100 մարդ զոհվել է Փարիզի «Բատակլան» համերգասրահում՝ համերգի ժամանակ։ Տասնյակ մարդիկ զոհվել են մայրաքաղաքի այլ շրջաններում տեղի ունեցած ահաբեկչություններից:










