Պենտագոնը հուսով է, որ երկրներն ավելի ակտիվ պայքար կտանեն ԻՊ-ի դեմ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո

09:40 • 17.11.15

ԱՄՆ ռազմական գերատեսչության՝ Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը հայտարարել է, որ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո երկրները պետք է սկսեն ավելի ակտիվ պայքարել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ, գրում է gazeta.ru-ն։

 

«Մենք փորձում ենք է՛լ ավելին անել, փնտրում ենք ամեն հնարավորություն, որպեսզի պայքարենք ԻՊ-ի դեմ, բայց մեզ պետք է, որ մյուսները նույնպես մասնակցեն դրան»,- հայտարարել է նա։

 

Քարտերի խոսքով՝ Փարիզի ողբերգությունը պետք է «ակտիվացման հետևանք» ունենա։

 

Պենտագոնի ղեկավարը նաև հայտարարել է, որ մահապարտ ահաբեկիչներն այժմ ամենամեծ վտանգն են ներկայացնում ԱՄՆ-ի համար։ Միևնույն ժամանակ, նա հստակեցրել է, որ ԱՄՆ-ում ահաբեկիչների հնարավորություններն ավելի քիչ են, քան Եվրոպայում, քանի որ Ամերիկայում չկան նման «վաղեմի ահաբեկչական հակումներով բնակիչներ, ինչպես որոշ եվրոպական երկրներում»։

 

Ավելի վաղ Էշթոն Քարտերը հայտարարել է «Իսլամական պետություն» խմբավորման քարոզչության դեմ պայքարի համար սոցցանցերին հետևելու անհրաժեշտության մասին։

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել: Անհայտ անձինք կրակ են բացել ռեստորաններից մեկում, երեք պայթյուն է հնչել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտակայքում: Բացի այդ, «Բատակլան» համերգասրահում ռոք համերգի ժամանակ ահաբեկիչները մարդկանց պատանդ են վերցրել: Վերջին տվյալներով զոհվել է շուրջ 130 մարդ, մոտ 300 հոգի՝ վիրավորվել:

Պենտագոնը հուսով է, որ երկրներն ավելի ակտիվ պայքար կտանեն ԻՊ-ի դեմ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո