Ազատության հրապարակում գիշերել է մոտ 35 մարդ, կանայք սրճարանում էին (լուսանկարներ, տեսանյութ)
Ազատության հրապարակում գիշերել է շուրջ 35 մարդ` ներառյալ հանրահավաքը համակարգող Գարեգին Չուգասզյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, որոնք մնացին հրապարակում մինչև վերջ` առավոտ, իսկ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը, աջակիցների խնդրանքով, առավոտյան ժամը 4-ին լքել է հրապարակը` այն ձևակերպմամբ, որ իրեն այսօր ծանր օր է սպասվում:
Այս մասին Tert.am-ին հայտնեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հրաչյա Միրզոյանը, ով հիշեցնենք, հանրությանը հայտնի եղավ նրանով, երբ «Հիմնադիր խորհրդարանը» Գյումրիում հանրահավաք էր անցկացնում և նրան դանակահարեցին:
«Հանրահավաքն անցավ առանց որևէ խնդրի, աղջիկներին ավելի հարմար տեղավորվեցինք մոտակա կաֆեում, այնտեղ գիշերը մասամբ անցկացրինք, իհարկե, շատ դժվար էր առանց վրանի մնալը… Քաղաքապետարանը, թե ինչո՞ւ է նման որոշում կայացրել. ոչ մի քննադատության չդիմացող որոշում է կայացրել, իբրև թե վրանները կարող են վնասել Օպերայի շենքը` որպես պատմամշակութային արժեք»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Հրաչյա Միրզոյանը, ներկայացնելով անցած գիշերը, ասաց. «Եվ մարդիկ այս ցրտին, այս դժվարություններին դիմացան: Սրանք համառ մարդիկ են, սրանք պահանջատեր մարդիկ են: Եվ մեր նպատակը անշեղ է, մենք պետք է հեռացնենք իշխանությունից այդ հանցավոր ոհմակին»:
Հրապարակում մնացածները ևս նշում էին, որ դժվար էր մնալը, բայց իրենց պահում էր նպատակը:
Այն ժամանակ, երբ Tert.am-ի թղթակիցը Ազատության հրապարակում էր, այնտեղ գիշերողների հիմնական մասը ցրվել էր, հեռանում էր նաև Րաֆֆի Հովհաննիսյանը, ով նախ պտույտ կատարեց Կարապի լճի մոտ ու գնաց տուն:
Իսկ մնացածները տաքանում են ազգային-ազատագրական երգերի տակ կանգնած` երբեմն պարելով, երբեմն` զուգահեռ երգելով:
















