Հակոբ Հակոբյանը նոր ֆիլմ է նկարելու՝ կրկին Ցեղասպանության մասին

11:42 • 05.01.16

Նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը նոր տարում պատրաստվում է նոր ֆիլմ նկարել՝ կրկին Հայոց Ցեղասպանությանը նվիրված: Tert.am-ի հետ զրույցում Հակոբ Հակոբյանն ասաց, որ նոր ֆիլմի սցենարն արդեն պատրաստ է, հիմա այն ուսումնասիրում են մասնագետները:


«Ցեղասպանությունը վաղեմություն չունի: Ես ծնվել եմ մի ընտանիքում, որտեղ երկու կողմից էլ տատերս գաղթական են եղել, նրանց հարազատներին, պապերին կոտորել են: Մանուկ հասակից լսել եմ այդ պատմությունները, ինձ շատ հետաքրքիր էին: Եվ իմ մեջ առաջացել էր ցանկություն, նկարել մի գործ, որը հետագայում մեր սերունդները նայելու են»,- նշեց Հակոբ Հակոբյանը:


Նրա խոսքով՝ մասնագետներն այս պահին աշխատում են ֆիլմի սցենարի վրա, որը Արևմտյան Հայաստանի, հայի մշակույթի, թուրքի վերաբերմունքի և այլնի մասին է:


Դիտարկմանը, թե նախորդ ֆիլմը՝ Ցեղասպանության թեմայով, լավ ավարտ չունեցավ, չցուցադրվեց, նախկին պատգամավորն այսպես արձագանքեց. «Ես ինքս հանեցի ֆիլմը, ուզեցի չցուցադրենք: Հիմա այս տարի ապրիլ ամսին կաշխատենք ցուցադրել»:


Հարցին՝ անհանգստացած չե՞ք, որ նոր ֆիլմը նույն կերպ կքննադատվի, ինչպես նախորդը, Հակոբ Հակոբյանը բացասական պատասխան տվեց: «Մարդիկ ֆիլմը չտեսած՝ քննադատում էին: Ես ցանկ ունեի՝ 340 մարդկանց անուններ, որոնք անպայման քննադատելու էին: Նախապես գիտեինք՝ ովքեր են լինելու: Բայց այդպես չի կարելի: Դիտելուց հետո պետք է քննադատել, որպեսզի ասեն՝ ինչը չեն հավանել, ինչը կարող էր այլ կերպ լինել...»,- նշեց Հակոբյանը: