Մեկնարկել է Հայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնը

11:13 • 16.01.16

Անվանի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 95-ամյակին նվիրված Հայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնի մեկնարկը տրված է: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հետ հունվարի 15-ին ազդարարեցին փառատոնի բացումը:

 

Նվագախումբը կատարել է Էդվարդ Միրզոյանի Սիմֆոնիա լարայինների և գոսերի համար, Տոնական կոչնակներ, Խաչատուր Մարտիրոսյանի «Զարթոնք» ստեղծագործությունները։ Սերգեյ Խաչատրյանը ներկայացրել է Մարտիրոսյանի Կոնցերտ-ֆանտազիա ջութակի և նվագախմբի համար գործը:

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում կոմպոզիտոր Խաչատուր Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ վերջին ստեղծագործությունը նվիրված է հենց Սերգեյ Խաչատրյանին: «Ճիշտ 10 տարի առաջ եմ այն սկսել և միշտ պատկերացրել եմ, որ Խաչատրյանը պետք է կատարի: Երկու տարի առաջ երբ ավարտել էի և Սերգեյին այստեղ տեսա, նվիրեցի այն: 10 տարվա ստեղծագործական աշխատանք է: Փորձերին մասնակցել եմ, տեսա, թե որքան պատրաստված են: Հավանում եմ նրանց կատարումը: Սերգեյը մեր լավագույն երաժիշտն է, մեծ հույսեր ունենք նրա հետ նաև ապագայում: Մեծ հաջողություններ ենք մաղթում նրան»,-նշել է նա:

 

Համերգի ավարտին կոմպոզիտորը բեմ է բարձրացել, համբուրել է Սերգեյ Խաչատրյանի ճակատը` իր գոհունակությունը հայտնելով ստեղծագործության կատարման համար: Սերգեյ Խաչատրյանին հայ հանդիսատեսն առանց «բիս»-ի բաց չի թողել. նա կատարել է նաև Բախի ստեղծագործություններից, իսկ հանդիսատեսը շունչը պահած լսել է նրան: Աշխարհահռչակ ջութակահարին դիմավորել են ու ճանապարհել անվերջ ծափահարություններով:

 

Հայաստանյան արդի մշակութային կյանքում 6 տարի շարունակ իր տեղն է գրավում Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը: Հայ կոմպոզիտորական դպրոցի ավանդույթների և ներկայիս ձեռքբերումների պահպանմանն ուղղված ծրագրի կազմակերպիչներն են Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը: Ստեղծման առաջին իսկ օրվանից փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
 

Փառատոնը կներառի 4 համերգային երեկո, որոնցում կհնչեն հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ:  Փակման համերգին ՀՊԵՆ-ը` Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, առաջին անգամ կներկայացնի Վարդան Աճեմյանի Չորրորդ սիմֆոնիան` նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին: Կհնչի նաև Արամ Սաթյանի Երգ բնության սիմֆոնիան:


 

Մեկնարկել է Հայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնը