Ցանկանում եմ վայելել ազատությունս, գտնել աշխատանք և ապրել լիարժեք. Նորք Մարաշի խմբավորման ազատ արձակված անդամ
Զինված խմբավորման անդամների գործով կալանավորված և ապա ազատ արձակված քաղաքացիական ակտիվիստ Նելի Մինասյանը դեռևս չի շտապում գործին առնչվող մանրամասներ ներկայացնել: Tert.am-ի գրավոր հարցերին նա պատասխանեց հակիրճ, որ առայժմ միայն ցանկանում է վայելել ազատությունը, գտնել աշխատանք և ապրել լիարժեք: Նշենք, որ Նելի Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել Հայաստանից չբացակայելու մասին ստորագրությունը։
-Նելի, հաշվի առնելով մեղադրանքը, որն արտառոց էր ըստ էության, եղա՞ն Ձեր հարազատներից, մտերիմներից կամ գուցե սիրած էակ, որ Ձեզանից երես թեքեցին:
-Իսկական ընկերներս ու հարազատներս շարունակում են կողքս ամուր կանգնած մնալ։ Կարծում եմ՝ իմ ֆեյսբուքյան էջից դա Ձեզ պարզ դարձավ. ես ոչ մեկին չեմ կորցրել, համենայնդեպս սիրելի ընկերներից ու հարազատներից: Եթե կային ոմանք, որ հիմա հետս չեն, ապա նրանք են ինձ կորցրել, իսկ սիրած էակ դեռևս չունեմ:
-Համարո՞ւմ եք, որ դուք հետապնդվում եք իշխանության կողմից, այլ կերպ ասած՝ քաղբանտարկյալ եք:
- Տեղյակ չեմ։
-Ինչպե՞ս հայտնվեցիք այն անձանց շրջանակում, որոնց մեղադրանք առաջադրվեց և ընդհանրապես հարցադրումներ կան, թե ինչպե՞ս էր ստացվել, որ այդ օրը խմբով միասին էիք:
-Թե ինչպես եմ ես այնտեղ հայտնվել կան բազմաթիվ հարցադրումներ, սակայն առայժմ չեմ ցանկանում պատասխանել:
-Շարունակելո՞ւ եք ակտիվ հասարակական, քաղաքական գործունեությունը և եթե այո, ապա ինչպե՞ս:
- Առայժմ միայն ցանկանում եմ վայելել ազատությունս, գտնել աշխատանք և ապրել լիարժեք:
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների՝ իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ: 2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը:










