Օբաման մեկնաբանել է «Օսկարի» շուրջ առաջացած սկանդալը և կոչ հղել Հոլիվուդին
Ամերիկյան զվարճանքների ոլորտը պետք է հավասար հնարավորություններ ընձեռի բոլոր ամերիկացիներին։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` մեկնաբանելով «Օսկար» մրցանակի թեկնածուների ընտրության հետ կապված սկանդալը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Կարծում եմ՝ Կալիֆոռնիան այս երկրի անհավանական զանազանության օրինակն է։ Դրանում է ուժը: Կարծում եմ, որ արվեստը միայն շահում է, երբ յուրաքանչյուրի պատմությունը կարող է պատմվել»,- նշել է պետության ղեկավարը:
Օբամայի կարծիքով` նման վերաբերմունքը թույլ է տալիս բոլոր բնակիչներին իրենց ամերիկյան ընտանիքի մի մասնիկը զգալ, այդ պատճառով էլ կինոոլորտը պետք է փնտրի տաղանդներ, հնարավորություններ ընձեռի բոլորին:
«Ինձ թվում է, որ «Օսկար»-ի շուրջ վեճն իրականում ավելի լայն խնդրի մի մասն է պարզապես: Ձեռնարկո՞ւմ ենք մենք արդյոք բավականաչափ ջանքեր, որպեսզի յուրաքանչյուրը հնարավորություն ունենա»,- ասել է Օբաման։
Ավելի վաղ մի խումբ դերասաններ կոչ էին արել բոյկոտել «Օսկարի» մրցանակաբաշխությունը՝ գլխավոր անվանակարգերում սևամորթ դերասանների բացակայության պատճառով։










