Փարիզում և Մարաքեշում կբացվեն Իվ Սեն Լորանի թանգարանները
Պիեռ Բերժեի և Իվ Սեն Լորանի հիմնադրամը պատրաստվում է 2017-ին 2 թանգարան բացել Փարիզում և Մարաքեշում, գրում է buro247.ru-ն:
Ինչից է սկսվել Իվ Սեն Լորանի կյանքը նորաձևությունում, ինչպես և ինչ հավաքածուներ է նա ստեղծել իր կարիերայի ընթացքում, որտեղ է փնտրել և գտել ոգեշնչում՝ այս ամենի մասին հնարավոր կլինի իմանալ հաջորդ տարվանից մոդելավորողի 2 նոր թանգարաններում:
Թանգարաններից մեկը կբացվի Փարիզում, մյուսը` Մարաքեշում, որի հանդեպ Լորանի կիրքը վաղուց և շատ քաջ հայտնի է:
Փարիզում թանգարանը կբացվի իսկապես պատմական վայրում` Մարսո ավենյուի 5-րդ տանը: Հենց այստեղ է գտնվել նորաձևության տունը, այնուհետև տեղակայվել է Պիեռ Բերժեի և Իվ Սեն Լորանի հիմնադրամը: Շինությունում ցուցադրություններ արդեն եղել են. հիմնադրամը չի թաքցնում դիզայների ժառանգությունը հանրությունից, այլ, ընդհակառակը, հաճույքով ցուցադրում է աշխատանքները։
Ինչ վերաբերում է Մարոկկոյի թանգարանին, ապա այն կգտնվի Իվ Սեն Լորան փողոցում` Մաժորել այգուց ոչ հեռու, որը ժամանակին գնել է հիմնադրամը։










