Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմն արժանացել է «Ոսկե արծիվ» մրցանակին
Ռուսաստանաբնակ ռեժիսոր Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմն արժանացել է ռուսական «Ոսկե արծիվ» մրցանակին՝ որպես 2015 թվականի լավագույն ֆիլմ։ Մրցանակների հանձնման արարողությունը կայացել է հունվարի 29-ին «Մոսֆիլմ» կինոստուդիայում, գրում է meduza.io-ն։
Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Ստանիսլավ Գովորուխինը՝ «Հրաշալի ժամանակաշրջանի ավարտը» ֆիլմի համար։ Ալեքսանդր Մինդաձեն ստացել է մրցանակ իր՝ «Բարի Հանս, սիրելի Պյոտր» ֆիլմի սցենարի համար։
Տարվա լավագույն դերասանուհի է ճանաչվել Յուլիա Պերեսիլդը, ով նկարահանվել է «Մարտ Սևաստոպոլի համար» ֆիլմում, լավագույն դերասան է ճանաչվել Ֆյոդոր Բոնդարչուկը՝ «Ուրվականը» ֆիլմում կատարած դերի համար։
Տարվա լավագույն սերիալ է ճանաչվել 10 մասից բաղկացած «Եկատերինա» սերիալը։
Ռեժիսոր Նիկիտա Միխալկովը մրցանակի է արժանացել «Համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ավանդի» համար։
Հիշեցնենք, որ 2015 թվականի դեկտեմբերի սկզբին Մոսկվայում կայացել էր Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմի պրեմիերան։ Այդ ժամանակ իր ելույթում ռեժիսորը նշել էր, որ ֆիլմի մոտիվներով ստեղծվել է ծանոթությունների կայք, և այդ ցանցի միջոցով միմյանց գտած 50 զույգերի համար ֆիլմի պրեմիերան առաջին ժամադրության վայրն է։
Ֆիլմում նկարահանվել են Ռենատա Լիտվինովան, Վլադիմիր Մաշկովը, Յուրի Կոլոկոլնիկովը, Եվգենի Ցիգանովը, Միխայիլ Եֆրեմովը, Ռավշանա Կուրկովան, այլք։










