Այ Վեյվեյը լուսանկարվել է խեղդված փախստական երեխայի կերպարով
Չինացի արվեստագետ և ակտիվիստ Այ Վեյվեյը լուսանկարվել է անցյալ տարի խեղդված ներգաղթյալ Այլան Քուրդիի կերպարով, գրում է The Guardian-ը:
Ինչպես նշում է թերթը, 2015 թվականին Քուրդիի լուսանկարը դարձել է սիրիացի փախստականների հետ կապված իրավիճակի խորհրդանիշը:
Լուսանկարն արվել է թուրքական Բոդրում քաղաքի մոտակայքում, իսկ լուսանկարի նմանակումը՝ հունական Լեսբոս կղզու ափին, ուր Վեյվեյը ժամանել է փախստականների հետ կապված ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ մի քանի նախագծերի վրա աշխատելու համար։
Չինացի արվեստագետի մասնակցությամբ լուսանկարի հեղինակը լուսանկարիչ Ռոհիտ Չոլան է: Լուսանկարն արվել է India Today ամսագրի և India Art Fair-ի շրջանակներում ցուցահանդեսի համար։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Այ Վեյվեյը փակել է Դանիայում ցուցահանդեսը՝ ներգաղթյալների մասին նոր օրենքի պատճառով։










