Արևի ժամացույցը «Զվարթնոց» պատամամշակութային արգելոց-թանգարանի ուշագրավ ցուցանմուշներից է (լուսանկարներ)

19:12 • 01.02.16

Արևի ժամացույցը «Զվարթնոց»  պատամամշակութային արգելոց-թանգարանի ուշագրավ ցուցանմուշներից է:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշել է «Զվարթնոց» պատամամշակութային արգելոց-թանգարանի հանրահռչակման,  գիտահետազոտական և ֆոնդային աշխատանքների բաժնի վարիչ Լարիսա Հարությունյանը:

 

Զվարթնոց տաճարի պեղումների ժամանակ փլատակների մեջ հայտնաբերված արևի  ժամացույցը  1937  թվականից ցուցադրվում է «Զվարթնոց»  պատմամշակութային արգելոց-թանգարանում:  Արևի ժամացույցները լայնորեն հայտնի են հայկական ճարտարապետության մեջ և′ VII դարում, և′ ավելի ուշ շրջաններում:

 

«Սովորաբար արևի ժամացույցները լինում են կիսաշրջանաձև, բայց տաճարի պեղումների ընթացքում հայտնաբերված արևի ժամացույցը շրջանաձև է պատրաստված: Հավանաբար, այստեղ որոշակի նշանակություն է ունեցել, թե որտեղ է տեղադրվել ժամացույցը: Այն եղել  է հարավային շքամուտքից վերև՝  շրջանաձև պատուհանների շարքում: Ներդաշնակություն ապահովելու համար ճարտարապետը մտածել է ժամացույցին տալ այս ձևը»,-ասել է Լարիսա Հարությունյանը:

 

Լարիսա Հարությունյանն այցելուների ուշադրությունը հրավիրում է դրա վրա պահպանված հետևյալ արձանագրությանը. «Աղաւթեսցեն առ Տէր ամենայն սուրբ ի ժամ ընդունելի» (Աղոթքն ամեն սուրբ ժամ ընդունելի է Տիրոջը):

 

«Զվարթնոց»  պատմամշակութային արգելոց- թանգարանում կարելի է տեսնել ոչ միայն արևի ժամացույցը, այլև պեղումների ընթացքում արված բացառիկ լուսանկարներ, որոնցից երևում է, թե տաճարի որ հատվածում է գտնվել այն: Այդ լուսանկարներում, արևի ժամացույցի մոտ, բանասեր, բանահավաք, հնագետ Խաչիկ Դադյանն է, որը 1900 թվականից ձեռնամուխ է եղել Զվարթնոցի պեղման աշխատանքներին:



 


 

Արևի ժամացույցը «Զվարթնոց» պատամամշակութային արգելոց-թանգարանի ուշագրավ ցուցանմուշներից է (լուսանկարներ)