Շոկոլադն ավելի խելացի է դարձնում և բարելավում է ուղեղի աշխատանքը. հետազոտություն
Ամերիկացի հոգեբան Մերիլ Էլիասի 40-ամյա ուսումնասիրությունը թույլ է տալիս ենթադրել, որ շոկոլադը դրական է անդրադառնում ուղեղի մի շարք ճանաչողական գործառույթների վրա:
Ինչպես հայտնում է The Independent-ը` Էլիասը փորձն սկսել է 1970-ականներին Նյու Յորքում` հետևելով 1000 մասնակիցների սննդակարգին, շոկոլադի օգտագործման չափաբաժնին, ինչպես նաև դրա ազդեցությանը արյան ճնշման և ուղեղի ակտիվության վրա:
Ուսումնասիրելով ստացված տվյալները` հետազոտողները պարզել են, որ ամեն շաբաթ կանոնավոր շոկոլադ օգտագործողների մոտ առավել ակտիվ է գլխուղեղի վերադաս գործառույթը, քան նրանց մոտ, ովքեր ավելի հազվադեպ են շոկոլադ օգտագործել:
Շաբաթական կանոնավոր շոկոլադ ուտելով` մարդկանց մոտ բարելավում է հիշողությունն ու մտածողությունը:
Գիտնականները դեռ չեն պարզել, թե ինչպես է շոկոլադը նման ազդեցություն ունենում ուղեղի աշխատանքի վրա, սակայն նախկին հետազոտություններն արդեն ցույց էին տվել, որ ֆլավանոլով հարուստ սննդատեսակները, որոնցից է նաև շոկոլադը, բարելավում են ուղեղի աշխատանքը:










