Կոնֆլիկտի պայմաններում կարող է թիրախավորվել «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան»-ը. Ատոմ Մարգարյան
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը Tert.am-ի հետ հարցազրույցում անդրադառնում է և համաձայնում Blooomberg գործակալության վերլուծությանը, որ Արցախում իրավիճակը վատ է անդրադառնում նավթի գնի և ռուբլու փոխարժեքի վրա:
Տնտեսագետը, անդրադառնալով գազի սակագնի իջեցմանը նկատեց, որ սա ո՛չ զեղչ է, ո՛չ նվիրատվություն, այլ օբյեկտիվ իրականության հետևանք, քանի որ այսօր էներգակիրների շուկայի միտումներն այսպիսին են: Նրա խոսքով՝ «Գազպրոմ»-ը և «Գազպրոմ Արմենիան», ըստ էության, նույն կամ մեկը մյուսից ածանցյալ ընկերություն են և այդ գնային զիջումն առաջին հերթին նման է ինքն իրեն զիջելու քաղաքականության։
-Պարոն Մարգարյան, ապրիլի 1-7-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած իրադարձություններին անդրադարձել են «Բլումբերգն» (Bloomberg) գործակալության վերլուծաբանները` նշելով, որ Ղարաբաղում այս իրավիճակը նպաստելու է ռուբլու և նավթի գների անկմանը: Հիմա. թե Ադրբեջանը, թե Ռուսաստանը նավթ արդյունահանող երկրներ են և խնդրի քաղաքական կողմը. արդյո՞ք այս 2 գործոնները կարող են ստիպել Ադրբեջանին հետ կանգնել հետագա լայնամասշտաբ պատերազմից, իսկ Ռուսաստանին` ստիպել նրան դա անել:
- «Բլումբերգն» իսկապես հայտնի և վարկանշավորող, և վերլուծական, և կարծիք ձևավորող ընկերություն է, և, բնականաբար, նման գնահատականները որոշակի հիմքեր ունեն: Իսկապես, վերջին շաբաթվա այս զարգացումները ադրբեջանա-ղարաբաղյան այս գծում և հնարավոր արձագանքներն ու հետագա զարգացումները կարող են տարածաշրջանում այնպիսի իրավիճակ ստեղծել` ընդլայնելով ու ներքաշելով մասնակիցների ու շահագրգիռ կողմերի, և, այո, հնարավոր է` դառնան լուրջ գործոն թե՛ նավթի և թե՛ արժույթի գների ձևավորման հարցում: Եվ այս իմաստով, իհարկե, որոշակիորեն դժվար է չհամաձայնել այս գնահատականների հետ: Մյուս կողմից պետք է ասել, որ Ադրբեջանն ինքը 2 այլընտրանքներից իր համար ընտրեց, թերևս, վատագույնն այն իմաստով, որ հատկապես վերջին 1 տարվա ընթացքում նավթի համաշխարհային գների կատաստրոֆիկ անկումը բերել էր մի վիճակի, որ Ադրբեջանը պարզապես բյուջետային առումով սնանկության եզրին է կանգնած: Եվ 2 տարբերակ ուներ` կամ գնալ արկածախնդրության ռազմական ճանապարհով փորձել ներքին խնդիրները հանել արտաքին այսպես ասած` ճակատ կամ փորձեր կայունացնել հարաբերությունները, նվազեցնել ռազմական ծախսերի բեռը, և այդ ազատված ռեսուրսներն ուղղել իր սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը: Այնպես որ, էսկալացիայի շարունակվելու դեպքում, որպես գնագոյացնող գործոն էներգակիրների համաշխարհային շուկայում արտադրողները, գնորդները, վաճառողները չեն կարող հաշվի չնստել այս խնդրի հետ: Չմոռանանք, որ այս տարածաշրջանով անցնում է Բաքու-Ջեյհան, նաև կարևոր ստրատեգիական գազատար խողովակաշարեր, և, չի բացառվում, որ այդ կոնֆլիկտի պայմաններում թիրախավորվեն նաև այդ կարևորագույն էներգետիկ խողովակներն ու մայրուղիները, ինչն արդեն կարող է լրջորեն ազդել և նավթի գնի, և առաջարկի վրա: Եվ հիմանական խաղացողները արդեն սկզբունքորեն կարող են վերանայել իրենց պլանները, և այս իմաստով վերստին «Բլումբերգի» այս գնահատականները որոշակի հիմքեր ունեն:
-ՌԴ վարչապետի այցից հետո հայտարարվեց, որ ռուսական գազի գինը 165 –ից դառնում է 150 դոլար`1000 խորանարդ մետրի համար: Սա կարո՞ղ է ազդել վերջնական սպառողի վրա և ինչ ազդեցություն կարող է թողնել ՀՀ տնտեսության վրա:
-Նման հայտարարությունները կամ պայմանավորվածությունները, երբ գազ վաճառող երկիրը դրա մեծածախ գինն իջեցնում է, բխում է նախ շուկայի դիտումներից: Չմոռանանք, որ նավթի գների հետ կապված, գազի գները ևս նվազել են: Եվ տարբեր գնահատականներով` մինչև 70-80 տոկոսով: Եվ այս պայմաններում, բնականաբար, շուկաները չկորցնելու և նաև ինչ-որ տեղ այլընտրանքները բացառելու նկատառումներով, կարծում եմ, Ռուսաստանը գնում է այսպիսի գնային որոշակի փոփոխությունների: Ես կարծում եմ` դա ոչ զեղչ է, ոչ նվիրատվություն, այլ օբյեկտիվորեն այսօր էներգակիրների շուկայի միտումներն այսպիսին են: Գազի սակագինը ածանցյալ է նավթի գներից, իսկ նավթի գների անկումը եռակի է: Համենայնդեպս, վերջին 1,5 տարվա ընթացքում: Ուստի սա նորմալ է: Մյուս կողմից, այն, թե սա վերջնական սպառողի ինչպես կանդրադառնա, կախված է երկրի կառավարությունից, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից:
Գաղտնիք չէ, որ և «Գազպրոմ»-ը, և «Գազպրոմ Արմենիան», ըստ էության, նույն կամ մեկը մյուսից ածանցյալ ընկերություն են և այդ գնային զիջումն առաջին հերթին նման է ինքն իրեն զիջելու քաղաքականության: Եվ ամբողջ խնդիրը վերջնական սպառողների, տնային տնտեսությունների, ֆիրմաների, արտադրական ընկերությունների կողմից գնվող գազի սակագներին է վերաբերում խոսքը: Համենայնդեպս, ըստ իս, էժանացումը պետք է առնվազն 15-20 տոկոս կազմի (այս դեպքում կազմում է 11 տոկոս), որպեսզի շոշափելի ազդեցություն ունենա տնտեսական իրավիճակի, գազ սպառող արտադրական ընկերությունների ծախսերի, նրանց արտադրանքի ինքնարժեքի, ինչու չէ` տնային տնտեսությունների բյուջետային ծախսերի սոցիալական բեռի թեթևացման վրա:
Հետևաբար, որոշակի խնդիր ունի այս իմաստով երկրի գործադիր իշխանությունը, որպեսզի մեծածախ գնային փոփոխությունը տրանսֆորմացնի վերջնական սպառողների համար` երկնագույն էժանացման, ինչի արդյունքները կարող են այսպես ասած` մուլտիպլիկատիվ էֆեկտ ունենալ: Նկատի ունեմ` թողարկման ծավալների ավելացում, արտադրանքի մրցունակության բարձրացում: Հատկապես նավթաքիմիական, սննդի արդյունաբերության սեկտորի, ջերմոցային տնտեսությունների զարգացման խթան կարող է լինել: Նաև այն արտադրությունների, որոնց համար գազը կարևորագույն բաղադրիչ է և կարող է դրական խթան հանդիսանալ: Եվ գազի սակագնի էժանացումը, ըստ էության, նշանակում է էլեկտրաէներգիայի էժանացում, համենայնդեպս, ջերմաէլեկտրակայանների էֆեկտիվությունը կմեծանա և էլեկտրաէներգիայի սակագների, որոնք, ըստ էության, ամռանը պետք է իջնեն, որովհետև, համենայնդեպս, այդպես են եղել պայմանավորվածությունները և հայտարարությունները: Եվ գազի սակագնի իջեցումը լրացուցիչ դրական ձևով կանդրադառնա էլեկտրաէներգետիկական ոլորտի վրա։ Կարող եմ նշել ևս մեկ գործոն. այսօր Եվրասիական միության շրջանակներում դիտարկվում և ակտիվորեն քննարկվում է էլեկտրաէներգիայի բորսա ստեղծելու նախագիծ, իսկ դա նշանակում է, որ արդեն փոխադարձ հաշվարկների, էլեկտրաէներգիայի հոսքերի, ճնշումների, բեռնվածությունների և այլն, մասով անդամ երկրները կարող են որոշակի շահաբաժիններ ստանալ, ինչը կարող է նպաստել նաև էլեկտրաէներգիայի սակագների հետագա իջեցմանը:










