Հնագետներն Իսրայելում ապակու արտադրման 1600–ամյա հնության կենտրոն են հայտնաբերել
Հռոմեական կայսրության վերջին տարիներին ապակու արդյունաբերական արտադրության խոշորագույն կենտրոն է գործել Իսրայելում: ТАСС-ի հաղորդմամբ` այս մասին վկայում են ապակու հալեցման վառարանների ավերակները, որոնք իսրայելցի հնագետները հայտնաբերել են Քարմել լեռան մոտակայքում:
«Այդ վառարանները ավելի քան 1600 տարեկան են, ինչը մատնանշում է, որ Իսրայելի տարածքում Հռոմեական կայսրության ուշ ժամանակաշրջանում գտնվել է հնագույն աշխարհի հզոր կենտրոններից մեկը, որտեղ ապակի է արտադրվել», - ասվում է Իսրայելի Հնությունների վարչության հայտարարության մեջ:
Հնագետների հայտնաբերած վառարանները բաղկացած են եղել երկու խցիկից. առաջինում խառնում էին վառելիքը, երկրորդում` ծովային ավազն ու նատրիումի սուլֆատը: Աղն ու ավազը մեկ շաբաթ հալվում էին 1200 աստիճան ջերմության ներքո և վերածվում ապակու: Սառեցնելուց հետո մինչև 10 տոննա կշռող ապակու կտորները հատվում էին և կտորներով վաճառում էին արհեստավորներին, ովքեր դրանցից տարբեր իրեր էին պատրաստում:










