Հայ գիտնականները հնարավորություն կունենան ընդգրկվել այն աշխատանքների մեջ, որոնք ղեկավարում են Նոբելյան մրցանակակիրները

13:25 • 12.04.16



Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը «Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառման ծրագրի շրջանակում զրուցելով Tert.am-ի հետ, ասաց, թե համոզված է, որ ծրագիրը հայ գիտնականներին շատ լուրջ հնարավորություն կտա ընդգրկվելու այն աշխատանքների մեջ, որոնք ղեկավարում են Նոբելյան մրցանակակիրները և առաջնորդում են աշխարհի  մասշտաբով:


«Այստեղ ներկա մրցանակակիրներից յուրաքանչյուրն առաջատար է որոշակի ուղղության մեջ, որը մեծ կապեր ունի բժշկագիտության հետ: Այդ առումով ես կարծում եմ, որ մեր բժշկագիտությունն աննախադեպ հնարավորություն ունի ընդգրկվելու իրենց նախագծերի մեջ՝ ստեղծելով նոր աշխատանքային խմբեր, նոր հետազոտական խմբեր: Այս ամենը ոչ միայն մարդկային ներուժ է, այլ նաև՝ ֆինանսներ, որը նոր հոսքեր կարող է բերել Հայաստան»,-ասաց ԵՊԲՀ ռեկտորը:


Նա ասաց, թե ծրագրին մասնակցող յուրաքանչյուրը՝ դասախոս, գիտնական, պրոֆեսոր, հնարավորություն ունի ներկա գտնվելու վարպետության դասի՝ այդ մարդկանցից լսելու, թե ինչպես կարելի է մատուցել նյութը:


Միքայել Նարիմանյանն ասաց, թե այս ամենը շարունակական է լինելու. «Դա ռեալ ինտեգրացիայի հնարավորություն է միջազգային գիտության մեջ այն ուղղություններով, ինչ այսօր Երևանում գտնվող մրցանակակիրները ներկայացնում են: Սա նաև իրենց կողմից բարի կամք է գալ ու ներգրավվել, իսկ մեր ներուժը լավն է, դրա համար ես կարծում եմ, որ մենք պոտենցիալ ունենք, որ այս մարդիկ հետաքրքրվել են նաև մեր գիտնականներով»:


Հիշեցնենք, որ Երևան այցելած Նոբելյան մրցանակակիրների թվում են` Աարոն Չեխանովերը /ստացել է Նոբելյան մրցանակ քիմիայի ոլորտում Ավրաամ Հերշկոյի և Իրվին Ռոզի հետ «Ուբիքվիտին կախյալ պրոտեոսոմալ դեգրադացիոն համակարգը բացահայտելու համար»` 2004-ին/, Ադա Յոնաթը /ստացել է Նոբելյան մրցանակ քիմիայի բնագավառում Վենկատրաման Ռամակրիշմանի և Թոմաս Ա. Սթեիթզի հետ «Ռիբոսոմների կառուցվածքը և ֆունկցիան ուսումնասիրելու համար» 2009թ./, Դեն Շեխտմանը /ստացել է Նոբելյան մրցանակ քիմիայի բնագավառում «Քվազիբյուրեղները հայտնաբերելու համար» 2011թ/, Ջոն Ռ. Ոուրենը / ստացել է Նոբելյան մրցանակ ֆիզիոլոգիայի բնագավառում Բարրի Մարշալի հետ «Հելիկոբակտեր պիլորիի դերը ստամոքսի խոցային հիվանդության առաջացման մեջ բացահայտելու համար» 2005թ, հայտնի է որպես Հելիկոբակտեր պիլորի բակտերիայի հայտնաբերող/, Էյ-Իչի Նեգիշին /հայտնի է որպես իր անունը կրող սինթեզի տարատեսակի հեղինակ/:

Հայ գիտնականները հնարավորություն կունենան ընդգրկվել այն աշխատանքների մեջ, որոնք ղեկավարում են Նոբելյան մրցանակակիրները