Ճապոնիայում հումանոիդ ռոբոտն ընդունվել է միջնակարգ դպրոց (տեսանյութ)
Ճապոնական արտադրության խոսացող Pepper հումանոիդ ռոբոտն այսօր` ապրիլի 13-ին, հանդիսավոր կերպով ընդունվել է Վասեդա քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկը։
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, սա աննախադեպ երևույթ է, երբ ռոբոտը սովորելու է սովորական երեխաների հետ՝ միևնույն դասարանում:
Այս կապակցությամբ դպրոցում կազմակերպվել է հատուկ միջոցառում, որի շրջանակում աշակերտներին կոչ է արվել առավելագույնս օգտագործել ռոբոտի հետ շփման բացառիկ հնարավորությունը։
Ինքը` Pepper-ը, ասել է, որ «երբեք չի մտածել, որ կարող էր ընդունվել մարդկային դպրոց»: Բացի այդ, ռոբոտը խոստացել է սովորել ուժերի ներածին չափով:
Հետաքրքրական է, որ հումանոիդը կարողանում է խոսել ոչ միայն ճապոներեն, այլև` անգլերեն: Այն կարողանում է ճանաչել մարդկանց հույզերը` վերլուծելով նրանց ձայնի տեմբրն ու դեմքի արտահայտությունը:
Ռոբոտը նախատեսված է մարդկանց հետ համատեղ կյանքի համար։ Կախված իրավիճակից` այն կարող է արտահայտել զայրույթ և կարեկցանք, խորհուրդներ է տալիս տերերին ու զրուցում նրանց հետ։
Այսպիսի մի ռոբոտի գինը 1.800 դոլար է։










