Գիտնականները դինոզավրերի անհետացման նոր տեսություն են հրապարակել

21:50 • 19.04.16

Գիտնականները մինչ օրս փորձում են պարզել, թե ինչն է դարձել դինոզավրերի անհետացման պատճառը և ժամանակ առ ժամանակ նոր տեսություններ են առաջ քաշում:

Այժմ Մեծ Բրիտանիայի ռեդինգի և Բրիստոլի համալսարանների գիտնականները պնդում են, որ դինոզավրերի անհետացման գործընթացը շատ ավելի երկար  է տևել, քան կարծում էին նախկինում:

Ըստ  Proceedings of the National Academy of Sciences ամսագրում հրապարակված նոր հետազոտության` հսկա կենդանիների թիվը, հավանաբար, նվազել է տասնյակ միլիոնավոր տարիների ընթացքում մինչ ճակատագրական իրադարձությունը, որը դարձել է դրանց իսպառ վերացման պատճառ:

Ինչպես նշում է Washington Post-ը` ըստ գիտնականների` դինոզավրերը մոտ 50 մլն տարի գտնվել են անկման փուլում և անհետացման եզրին են եղել:

Դինոզավրերն ի հայտ են եկել 225 մլն տարի առաջ, սակայն ծաղկում են ապրել 20 մլն տարի անց միայն, որին էլ հաջորդել է Յուրայի դարաշրջանը: 65 մլն տարի առաջ անհետացել են արդեն վերջին դինոզավրերը որևէ խոշորագույն աղետալի իրադարձության  հետևանքով, որի պատճառ կարող էր դառնալ երկնաքարը, հրաբխային ժայթքումները կամ երկուսն էլ միասին: