40-ն անց մարդիկ պետք է շաբաթը երեք օր աշխատեն. գիտնականներ
Քառասունն անց մարդիկ աշխատանքի լավ արդյունքներն են ցույց տալիս, երբ աշխատում են շաբաթը երեք օրից ոչ ավելի։ Այդ մասին ասված է ավստրալացի գիտնականների հետազոտության մեջ, որին մասնակցել է 40-ն անց մոտ 3000 տղամարդ և 3500 կին:
Կիրառական տնտեսագիտության և սոցիալական հետազոտությունների Մելբուռնի ինստիտուտի գիտնականները պարզել են, որ ոչ ամբողջական աշխատանքային շաբաթվա պայմաններում և գերհոգնածության ու սթրեսների բացակայության ժամանակ փորձի մասնակիցները, որոնք աշխատել են շաբաթը 25 ժամ, ցույց են տվել առավելագույն արտադրողականություն:
Հետազոտության տվյալների համաձայն՝ նրանց կոգնիտիվ ունակությունները, ովքեր աշխատում են շաբաթը մոտ 60 ժամ, ավելի ցածր են, քան գործազուրկ հասակակիցներինը։
Կեյո համալսարանում տնտեսագիտության պրոֆեսոր Քոլին Մքքենզիի խոսքով՝ գերաշխատանքը կարող է ավելի շատ վնաս հասցնել ուղեղի գործունեությանը, քան ընդհանրապես աշխատանքի բացակայությունը։
Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ այդ եզրակացությունները բավական կարևոր են այն պայմաններում, երբ շատ երկրներում կենսաթոշակային տարիքի բարձրացման մասին որոշումներ են ընդունվում։










