10-ամյա տղան օգնել է Instagram-ին հայտնաբերել սոցկայքի «թույլ տեղը»
Ֆինլանդիայի 10-ամյա բնակիչ Յանին 10.000 դոլար մրցանակ է ստացել` Instagram սոցկայքի խոցելի մասը հայտնաբերելու համար, գրում է BBC-ն:
Տղան, ով, ըստ օրենքի, չափազանց փոքր է սոցկայքում գրանցվելու համար, կարողացել է ջնջել այլ օգտատերերի մեկնաբանությունները:
Ինչպես ասվում է Facebook ընկերության հաղորդագրությունում, որին պատկանում է ծառայությունը, թերությունն արագ հեռացվել է։ Դրանից հետո Յանին ստացել է իր մրցանակը:
Տղան սոցկայքի թերությունը հայտնաբերել է դեռևս փետրվարին, ինչի մասին հայտնել է սեփականատերերին: Նրա համար ստեղծվել է հատուկ թեստային հաշիվ, որի օգնությամբ նա ապացուցել է, որ ցանցի անվտանգության համակարգում իրականում թերություն գոյություն ունի:
Յանին հայտնել է, որ մրցանակային գումարը ցանկանում է ծախսել հեծանիվի, սպորտային համազգեստի և իր եղբայրների համար համակարգիչների գնման վրա։










