Արդեն գործում է «.հայ» հայատառ դոմենային գոտին, առաջինը կլինի «նախագահ.հայ»-ը

13:32 • 04.05.16

 

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը գործարկել է «.հայ» դոմենային գոտին, «նախագահ.հայ»-ը կլինի առաջին պաշտոնական հայատառ դոմենը:


«Արմենպրես»-ի փոխանցմամբ` մայիսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ազդարարեցին ոլորտի ներկայացուցիչները` նշելով, որ ICANN-տնօրենների խորհրդի ընդունած բանաձևով IANA կազմակերպության արմատային գոտում ակտիվացվել է «.հայ» հայատառ դոմենի գրառումը:
 

ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Գագիկ Թադևոսյանի խոսքով` լրջագույն մարտահրավերների առաջ կանգնած Հայաստանի համար հայատառ դոմենային գոտու աշխատանքի սկիզբը կարող է իր նշանակալի  դերն ունենալ ազգային արժեքների շուրջ հայությանը միավորելու գործում:

 

«Սա հայերենի տարածման համար ունի մեծ նշանակություն: «.հայ» դոմենային անվան օգտագործումը կխթանի հայերեն ստեղնաշարի կիրառմանը սփյուռքում, հայկական տառատեսակների լայն ներդրումը ժամանակակից բջջային սարքերում թույլ կտա զարգացնել հայրենի իմացության մակարդակը համացանցում»,-ասել է փոխնախարարը:

 

Գագիկ Թադևոսյանը շեշտել է, որ հայատառ ինտերնետային դոմենային գոտին առաջիններից է ստեղծվող կիրիլիկ դոմենային գոտիներին համընթաց: Նա նաև ընդգծել է փաստը, որ նախաձեռնությունը հնարավոր է դարձել պետական գերատեսչությունների, մասնավորի և հասարակական սեկտորի համագործակցության արդյունքում:

 

«Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանը տեղեկացրել է, որ հայատառ դոմենի գործընթացը սկսվել է 2012-ին և ամենադժվար հարցը դոմենային անվան ընտրությունն է եղել:
 

«Կարող էինք ընտրել այլ անուններ, օրինակ, «.ամ», բայց կես տարվա քննարկումների արդյունքում որոշվեց, որ ամենագեղեցիկ վերջնատիրույթի անունը «.հայ»-ն է»,-նշել է Սաղյանը: Նրա խոսքով` դոմենային տիրույթում հայատառ գրելը պարտադիր է, որպեսզի համակարգը ճանաչի տվյալ կայքը, որտեղ փորձ է արվում մուտք գործել:


«Թյուրիմացություններից զերծ պահելու համար կատարվել է համեմատում այլ լեզուներում օգտագործվող գրանշանների հետ, որ կոնֆլիկտի մեջ չմտնեն դրանք հայկական գոտում օգտագործվող գրանշանների հետ: Այստեղ կարևոր դեր ունի Ռուբեն Թարումյանը, ով հայկական տառատեսակների ամենաճանաչված հեղինակներից մեկն է»,-նկատեց Գրիգորի Սաղյանը:
 

Տառաստեղծ Ռուբեն Թարումյանը հույս հայտնեց, որ «.հայ» դոմենային գոտում գրանցված կայքերում բովանդակությունը կլինի հայերեն ու կնպաստի համացանցում հայատառ նյութերի ավելացմանը: «Սա սկիզբն է մի երկար ճանապարհի, որը պետք է անենք համացանցը հայացնելու համար: Հիմա վիճակը այնքան էլ վատ չէ, որքան մի քանի տարի առաջ էր. հայերեն նյութերը շատացել են համացանցում: Որոշ պաշարներում կարելի է մեզ հետաքրքրող գրեթե բոլոր հարցերի պատասխանները գտնել հայերենով: Տեխնիկական, քաղաքական խնդիրները լուծված են, նույնիսկ տիրույթի անունն է հայերեն, և ցավալի կ լինի, որ հայ տիրույթում բովանդակությունը լինի ոչ հայատառ»,-ընդգծեց տառաստեղծը:

 

Հայատառ դոմենում անուն գրանցելու համար անհրաժեշտ է մուտք գործել «Ինտերնետ.հայ» կայք, ընտրել այնտեղ նշված 9 գրանցող կազմակերպություններից մեկը, մուտք գործել ու հայատառ դոմեն ստանալու  հայտ ուղարկել: Դոմենային անուն ստանալուց հետո պետք է դա կապել որևէ գործող կայքի հետ կամ ստեղծել նոր կայք: Հայատառ դոմենում անվանում ստանալու համար արդեն 150 հայտ է ստացվել, որից 70-ը կառավարական գերատեսչություններ են: Գնային քաղաքականությունը նույնն է, ինչ «.am»-ի դեպքում է`9-10 հազար դրամ, իսկ ամսական սպասարկման գումարը մոտ 1000 դրամ է:

 

«.am» դոմենային անունը ՀՀ-ին տրամադրվել է 1994 թվականին, այն գրանցելու իրավունքը ստացել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն: Հենց այս կազմակերպությանն էլ տրամադրվել է «.հայ» դոմենի կառավարումը:

 

Արդեն գործում է «.հայ» հայատառ դոմենային գոտին, առաջինը կլինի «նախագահ.հայ»-ը