Գերմանիայի իշխանությունները թույլատրել են մարիխուանայի կիրառությունը բուժական նպատակներով
Գերմանիայի կառավարությունը հաստատել է օրինագիծը, որով ծանր հիվանդներին բժշկի նշանակմամբ թույլատրվում է մարիխուանա ստանալ: Ինչպես հաղորդում է BBC-ն` փաստաթուղթը ուժի մեջ կմտնի հաջորդ տարվա գարնանից:
Այսօրվա դրությամբ Գերմանիայում քաղցկեղով, ՁԻԱՀ-ով, Պարկինսոնյան հիվանդությամբ կամ բազմակի սկլերոզով տառապող հիվանդները մարիխուանա կարող են ստանալ միայն հատուկ թույլտվությամբ և պետք է իրենք վճարեն դրա դիմաց:
Նոր օրենքի համաձայն` մարիխուանան հասանելի կդառնա դեղատներում, իսկ այն գնելու համար ծախսերը կհոգա երկրի առողջապահության համակարգը:
Մարիխուանայի` բուժական նպատակներով կիրառությունը թույլատրվում է մի շարք եվրոպական երկրներում և ԱՄՆ-ի որոշ նահանգներում:
2013-ի դեկտեմբերին Ուրուգվայը դարձել է առաջին երկիրը, որն ամբողջությամբ օրինականացրել է մարիխուանայի օգտագործումը:










