Թուրքիայում իշխող կուսակցությունն արտահերթ համագումար կհրավիրի՝ վճռելու Դավութօղլուի հարցը. լրատվամիջոցներ

09:56 • 05.05.16

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու վարչապետ Ահմեթ Դավութօղլուի միջև կայացած վերջին հանդիպման ընթացքում որոշվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ համագումար անցկացնել։

 

BBC-ի թուրքական ծառայության հաղորդմամբ՝ Էրդողան-Դավութօղլու հանդիպումը տևել է 1 ժամ 40 րոպե, դրա ավարտից հետո, սակայն, որևէ հայտարարություն չի արվել:

 

Թուրքական լրատվամիջոցների պնդմամբ՝ համագումարի ընթացքում որոշվելու է Դավութօղլուի «ճակատագիրը»:

 

Վերջին օրերին լրատվամիջոցները պարբերաբար խոսում են Էրդողան-Դավութօղլու լարված հարաբերությունների մասին՝ նշելով, որ նրանք տարաձայնություններ ունեն տարբեր կարևոր հարցերում:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ վարչապետ Դավութօղլուին կփոխարինի Էրդողանի փեսան: